Ուզբեկստանն ամբողջությամբ փակեց Աֆղանստանի հետ սահմանը

Մանրամասներ

ա

Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Աֆղանստանի հետ սահմանն ամբողջությամբ փակ է, «Թերմեզ» անցակետով ցամաքային անցում չի իրականացվում, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«Անվտանգության ապահովման նպատակով ուզբեկա-աֆղանական սահմանն այժմ ամբողջությամբ փակ է, եւ «Թերմեզ» անցակետով ցամաքային անցում չի իրականացվում: Մոտ ժամանակներս անցակետի բացում չի նախատեսվում», - երկուշաբթի տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը: 

Նախարարությունը զգուշացրել է, որ սահմանը հատելու ցանկացած փորձ, անկախ պատճառներից, կասեցվելու է Ուզբեկստանի օրենսդրությանը համապատասխան:

Ինչպես հիշեցրել է ԱԳՆ-ն, վերջին 12 օրերի ընթացքում Ուզբեկստանը օգնություն է տրամադրել մի շարք պետությունների՝ Աֆղանստանից իրենց քաղաքացիներին տարհանելու հումանիտար գործողությունների իրականացման գործում, որոնք Ուզբեկստան են ժամանել եւ մեկնել բացառապես օդային ճանապարհով: «Արտաքին գործերի նախարարությունը կրկին հայտարարում է, որ Ուզբեկստանի Հանրապետությունը չի ընդունում իր տարածքում աֆղանստանցի փախստականներին, տրամադրում է տարանցիկ անցում, ինչը նախատեսում է երկրում գտնվելու ժամանակի խիստ սահմանափակում: Կրկին շեշտում ենք, որ ուզբեկական կողմը հավատարիմ է Աֆղանստանի հետ ավանդաբար բարեկամական եւ բարիդրացիական հարաբերությունների պահպանմանը եւ հարեւան երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին», - եզրափակել է ԱԳՆ-ն: