Պուտինի ու Էրդողանի պայմանը Փաշինյանին․ Հանգուցալուծումը մոտ է

Մանրամասներ

1

«Խաղաղ դարաշրջանի բացումը» ՀՀ կառավարության ծրագրում ամրագրելուց եւ ԱԺ-ում հաստատելուց հետո ՌԴ եւ Թուրքիայի նախագահների արձագանքը չի ուշացել։ Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի զրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման ակտուալ հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում»։

Իր հերթին, Էրդողանը բարձրաձայնել է այն նախապայմանները, որոնց կատարման դեպքում հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների աստիճանական կարգավորումը։ Դրանք հանգում են նոյեմբերի 9-ի համաձայնությունների իրականացմանը, այդ թվում՝ հաղորդակցությունների բացմանը էքստերիտորիալ ճանապարհների կամ միջանցքների ձեւով։ Բացի դրանից, Էրդողանը «ավելացրել է» Թուրքիայի հանդեպ պահանջներից հրաժարվելու պայմանը։

Այսպիսով, Մոսկվան ու Անկարան Երեւանի առջեւ դրել են պայմանը՝ ճանաչել պատերազմի արդյունքները, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ճանաչել որպես Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում, ճանաչել «Ադրբեջանի» տարածքային ամբողջականությունը Մոսկվայի տրամադրած քարտեզներով սահմանազատման միջոցով, հրաժարվել հայկական պահանջներից ու իրավունքներից։ Այսինքն՝ «խաղաղ դարաշրջանը» կամ պատմությունը սկսել նոյեմբերի 9-ից, այլ կերպ ասած՝ զրոյացնել մինչ այդ եղածը։ Ինչպես 1921-ի մարտի 16-ին։

Ինչ է ստանում Հայաստանը՝ ոչինչ։ Կառավարության ծրագիրը հենց դրա մասին է՝ ոչինչ չպահանջելու։ Բացվելիք ճանապարհները Հայաստանին չեն վերաբերում, ավելին՝ եղածներն էլ անցնելու են էքստերիտորիալ ռեժիմ՝ ռուսական կամ թուրքական վերահսկողությամբ։ Ըստ այդմ՝ նոյեմբերի 9-ի ծիրում որեւէ ոլորտում զարգացումը բացառվում է՝ ռուս-թուրքական ծրագրերի հաջողության գրավականը Հայաստանի քաղաքական, տնտեսական մեկուսացումն է, հայկական խնդիրները միջազգային օրակարգից հանելը։

Ահա այն գինը, որին Երեւանը դեռ պիտի հավելի Կովկասում ռուսի մնալու համաձայնությունը՝ Հայաստանի փաստական օկուպացիայով, Հայաստանի կողմից Թուրքիայի ու «Ադրբեջանի» սահմանների ճանաչումը՝ Մեծ եղեռնի ուրացմամբ եւ հայկական Արցախից հրաժարումով։ Մոսկվան, Անկարան ու Նիկոլ Փաշինյանը փորձում են ներկայացնել, թե այս զոհողությունների դիմաց հայերը շռայլ հատուցվում են «խաղաղ դարաշրջանով»։ Ինչ է դարաշրջանը իրենից ներկայացնում այժմ, անցյալում, նաեւ ապագայում՝ ՝ հայկական ողբերգության նոր, հերթական շրջապտույտի տեսքով։ Հենց դրա մասին է Ալիեւի հայտարարությունը, թե ազգովի Հայաստան են վերադառնալու Լավրովի ծրագրի հաջորդ, խաղաղ փուլում։ Ալիեւը ընդունել է ռուս-թուրքական գործակցության պրոքսիի դերակատարումը, որը երաշխավորում է, որ այդպես կարելի է հայերից խլել ամեն ինչ՝ խուսափելով միջազգային գլխացավանքից։

Նոյեմբերի 9-ին հավատարմություն հայտնած իշխող ու չիշխող խմբերի, մեդիա-վերլուծական շրջանակների «պրոռուս-հակաթուրք» սխեմայով շարունակվող խեղկատակությունը ռուս-թուրքական ծրագրերի հաջողության գրավականն է՝ Հայաստանը նույնպես պահելով այդ տրամաբանության մեջ։ Դա այն առավելագույնն է, որին ձգում է հայկական քաղաքական դասը, չնչին բացառություններով։

«Չնչին բացառությունների» գործելու ժամանակն է՝ Ազգային խորհրդի ստեղծման հեռանկարով։

Սկզբնաղբյուր