Ռուսաստանի համար խնդիր չէ, որ նա ԱԱԾ գործակալ է եղել․ Կարեվորը վստահելի է

Մանրամասներ

1

Ոչ մի պրոֆեսիոնալ դիվանագետ չի ցանկանում աշխատել գործող վարչապետի հետ։ Անգամ նախկինում՝ 18 թվականից և նոյեմբերյան կապիտուլյացիայից հետո եթե գտնվեցին քիչ թե շատ փորձառու մի քանի դիվանագետներ, ապա հիմա Արարատ Միրզոյանի` այդ պաշտոնում նշանակումը ցույց է տալիս, որ պրոֆեսիոնալ դիվանագետները, նախ, իր հետ չեն ուզում աշխատել, և, երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանն ինքն ունի խնդիր՝ որոշ ոլորտներում նշանակելու իր համար խիստ վստահելի մարդկանց։

Արարատ Միրզոյանն իր համար վստահելի է` նշանակում է, ԱՄՆ-ում դեսպանն իր համար վստահելի է` նշանակում է։ Հաշվի չառնելով, որ տվյալ գործիչն ընդհանրապես կապ չունի արտաքին քաղաքականության ոլորտի և դիվանագիտական գործունեության հետ։ Հիմա խնդիրն այն է, որ, ըստ որոշ լուրերի, պետք է լիներ այլ անձնավորություն՝ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանը, որն այդ պատճառով էլ նշանակվել էր 1-ին տեղակալ, որ հետո պետք է դառնար նախարար։ Սա, ամենայն հավանականությամբ, որոշ երկրների կողմից որոշակի դժկամության պատճառով տեղի չունեցավ։ Կամ, այդ պաշտոնում նրան դնելու դեպքում, հնարավոր է կապիտալիզացիայի ակնկալիքներն ի դերև են ելել։

Բոլորս գիտենք, որ տվյալ անձը խիստ արևմտամետ է, ուստիև՝ կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգներն այդքան էլ մեծ նյութական աջակցության խոստում չի տվել։ Էլ չենք խոսում, թե տվյալ գործչի նշանակման դեպքում ինչ դժգոհություններ կարող էին լինել ռազմավարական գործչի կողմից։ Այդ իսկ պատճառով նա վերադարձվեց իր նախկին պաշտոնին։ Սա նաև ցույց է տալիս, որ իր թիմում վարչապետը չունի պրոֆեսիոնալ կադրեր և իր ձեռքի տակ եղած այս կամ այն կադրին տիկնիկների նման տեղափոխում է այս կամ այն կողմ, որովհետև ուրիշները չունի և, ճիշտն ասած, ցանկություն էլ չունի ունենալու։

Վարչապետը հաշվի չի առնում տվյալ մարդու բարոյաքաղաքական կերպարը, այլ հաշվի է առնում նվիրվածությունը։ Նվիրված է իրեն` ստանում է, նվիրված չէ` չի ստանում։ Չմոռանանք, որ Արարատ Միրզոյանն այն գործիչն է, որն իր հետ հավասար Գյումրիից քայլեց Երևան (նաև ԱԺ-ում պայթեցրեց հեղափոխության «դիմշաշկան») և այդ խմբի մեջ հաստատ երրորդ-չորրորդը չէր, հաստատ երկրորդ գործիչն էր։ Եվ այդ իսկ պատճառով կողմնակիցները չեն կարող մնալ առանց պաշտոնի։ Մեկ էլ տեսար` գնացին, ընդդիմադիր դարձան ու շատ բաներ կարող են խոսել։ Այսինքն՝ մեկ առանձին հարց էլ է լուծվում․ որ թիմի ներսում չառաջանան առանձին խմբեր, որոնք կարող են իր դեմ ինֆորմացիաներ շրջանառել։ Այսինքն՝ նա իր անձնական շահերից ելնելով է պետական պաշտոններում նշանակում։ Մի բան, որն ինքը քննադատում էր, երբ ընդդիմադիր էր։

Ռուսաստանի համար խնդիր չէ, որ նա ԱԱԾ գործակալ է եղել: Դե, հետո նա ինչ-որ մի վառ անհատականություն չէ, շարքային․․․ ինչ վերաբերում է «Օմեգա» և այլն, ապա թուրքականն  ապացուցված չէ, ապացուցված է ԱԱԾ գործակալ լինելը, որովհետև որևէ փաստաթուղթ, որպես այդպիսին, չկա։

«Հրապարակ»