Թշնամին նպատակ ունի հայաթափել Արցախը․ կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ պահպանել սառնասրտություն

Մանրամասներ

ա

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարություն է տարածել, թե իբր վերջին օրերին Հայաստանը խախտել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնությունը և ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում՝ հավելելով, ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։

Մեկնաբանելով ադրբեջանական կողմի այս սադրիչ հայտարարությունը՝ «Արցախպրես»-ի հետ զրույցում ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ  Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան սադրիչ և ահաբեկչական քայլ:

 «Վախեցնելով արցախցիներին և սպանելով Արցախի ապագայի նկատմամբ նրանց հավատը՝ թշնամին նպատակ ունի հայաթափել Արցախը: Ադրբեջանը փորձում է քողարկել տարբեր ուղղություններով իր ագրեսիվ քայլերը՝ նմանատիպ կեղծ հայտարարություն տարածելով: Չի բացառվում, որ թշնամին Թուրքիայի խորհրդով փորձում է նաև հարված հասցնել հայ-ռուսական եղբայրությանը՝ ստվերելով տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին և պահպանել սառնասրտություն», - նշել է  ԱԳ նախարարը: