Ելփին գյուղում կրակել են արջի վրա․ կենդանաբույժները պայքարում են կենդանու կյանքի համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի տարածքում որսագողության դեպք է արձանագրվել։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի խնդրանքով դեպքի վայր է մեկնել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը՝ օգնություն ցուցաբերելու վնասված գորշ արջին։ Դեպքի վայր ժամանած մասնագետները հայտնաբերել են շուրջ 3 տարեկան գորշ արջի էգ առանձնյակի, որին հրազենով վնասվածք են հասցրել։

Տեղում աշխատող մասնագետների ջանքերով կենդանին քնեցվել է, տեղափոխվել Արարատի մարզում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ հայտնաբերվել է, որ կենդանին հրազենային վնասված է ստացել ծնոտի հատվածում։ Հայտնաբերված գորշ արջի վիճակը ծանր է եւ նրա կյանքի համար արդեն երկու օր է պայքարում են FPWC մասնագետները, միջազգային գործընկեր կենդանաբույժներ, ինչպես նաեւ՝ Երեւանի կենդանաբանական այգու կենդանաբույժը։ 3-ամյա արջը երկար ժամանակ մնացել է ընկած վնասված վիճակում եւ առանց օգնության, ինչի պատճառով նրա վիճակն ավելի է ծանրացել։ Բացի այդ, կենդանին ենթարկվել է շատ ուժեղ սթրեսի եւ սկսել է կրծել սեփական թաթը։

Այսօր՝ օգոստոսի 10-ին, կենդանին շարունակում է մնալ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, վիճակը գնահատվում է ծանր, սակայն մասնագետները շարունակում են պայքարել արջի կյանքի համար։ Նախնական ախտորոշմամբ կենդանու մոտ առկա են նաեւ ուղեղի ցնցման նշաններ, ինչը կարող է կապված լինել կրակոցի հետեւանքով մոտակա ձորը գլորվելու հավանականության հետ։

FPWC շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար։

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը դիմում է իրավապահ մարմիններին՝ պարզելու համար դեպքի մանրամասները եւ հայտնաբելերու մեղավորներին։ Գորշ արջը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանատեսակ է, որն ունի հատուկ պաշտպանության կարիք։ FPWC հորդորում է բոլորին զերծ մնալ ցանկացած կենդանատեսակի վնասելու փորձերից՝ գործելով միայն ՀՀ իրավական նորմերի սահմաններում։