Հայաստանն ամենադժվար ժամանակներն է ապրում, նրան չաջակցելը ՌԴ-ի համար նշանակում է դավաճանել հենց իրեն. Զատուլին

Մանրամասներ

Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, որը ՌԴ Դաշնային ժողովի պալատում ներկայացնում է Սոչիի օկրուգը, օգոստոսի 4-5-ին այցելել է Հայաստան։

Ռուսաստանի դաշնակից Հայաստանի զարգացման խնդիրները, հետպատերազմյան կարգավորման դժվարությունները եւ նոր քաղաքական սեզոնի մեկնարկը երկրի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման առնչությամբ դարձել են հանրապետության քաղաքական եւ հասարակական գործիչների, ՌԴ դեսպանության հետ Կ.Ֆ. Զատուլինի հանդիպումների եւ խորհրդակցությունների թեմաները։ Կոնստանտին Զատուլինը օգոստոսի 4-ին հանդիպել է ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, «Հայաստան» դաշինքի ղեկավար, հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Լեռնային Ղարաբաղի իր ընկերների, մասնավորապես՝ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, տեսչական այց կատարել ԱՊՀ երկրների ինստիտուտի գործող հայկական մասնաճյուղ (ղեկ.՝ գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մարկարով)։

Պետական դումայի պատգամավորը օգոստոսի 5-ին եղել է Հայաստանի Ազգային ժողովում, որտեղ տեղի ունեցավ շահագրգիռ խոսակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ) եւ Վահե Հակոբյանի («Վերածնվող Հայաստան») հետ։

Կոնստանտին Զատուլինը հանդիպեց եւ երկար զրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, որին հաջողություններ ցանկացավ իր նոր պաշտոնում։

«Անցած տարվանից հետո առաջին անգամ պատերազմից հետո, որը չէր կարելի թույլ տալ, ես եկել եմ Հայաստան։ Կարեւոր էր ոչ միայն ավելի լիակատար պատկերացում ստանալ տեղի ունեցողի մասին, այլեւ զգալ հասարակ քաղաքացիների տրամադրությունը, որոնց հետ շփվեցի հանրապետության մայրաքաղաքի  փողոցներում եւ հրապարակներում։

Երեւանը, ինչպես միշտ, հիասքանչ է, իսկ հայ ժողովուրդը՝ հյուրընկալ։ Բայց մենք Ռուսաստանում պետք է հասկանանք, որ անցած տարվա ողբերգության հետեւանքները յուրաքանչյուրի սրտին են հարվածում, որ անհանգստությունը ժողովրդի եւ երկրի ճակատագրի համար ամենուրեք է։ Դրույքն, ինչպես երբեք, բարձր է. Հայաստանն ապրում է իր արդի պատմության ամենադժվար ժամանակները։ Նման պահին հայ ժողովրդին չաջակցելը Ռուսաստանի համար նշանակում է դավաճանել հենց իրեն։ Համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն ու կառավարությունը, Պետական դումայի պատգամավորները, մեր զինվորականներն ու դիվանագետները դա հասկանում են»,- նշել է Կոնստանտին Զատուլինը։

Պատգամավորի, ինստիտուտի տնօրենի ուղեւորության արդյունքները կզեկուցվեն Ռուսաստանի Պետական դումայի ղեկավարությանը, ՌԴ արտաքին գործերի նախարարությանը եւ բոլոր շահագրգիռ գերատեսչություններին։ Կոնստանտին Զատուլինը օգոստոսի 6-ին վերադարձել է Սոչի։