Google-ում և Facebook-ում տեղադրվող գովազդները ևս կհարկվեն. Կառավարությունը նոր որոշում է ընդունել

Մանրամասներ

Google-ի, Facebook-ի և նմանատիպ ընկերությունների օնլայն ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք այսուհետ հնարավորություն կունենան ավելացված արժեքի հարկի գծով առաջացող պարտավորությունները հայտարարագրել ու վճարել:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ խոսքն այն մասին է, որ էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները պետք է հարկվեն, ինչպես անում են աշխարհի առաջատար երկրները: «Հարցը հետևյալն է. Facebook, Google ու ընդհանրապես ինտերնետային դաշտում, եթե օրինակ բացում ենք նաև օտարերկրյա կայքեր, տեսնում ենք, որ այդ կայքերում հայկական ընկերությունների գովազդներ են տեղադրված: Բնականաբար, այդ ընկերությունները դրա համար վճարվում են: Եթե նմանատիպ գործարքներ տեղի են ունենում ՀՀ-ում գրանցված ընկերությունների դեպքում, առաջանում են հարկային պարտավորություններ՝ ծառայությունը մատուցողի համար: Խնդիր ունենք, որ այս հարթակներում այդ գովազդներից մենք հարկեր չենք կարողանում գեներացնել: Հարցն այն է, թե ինչպես հաշվառել այդ գործընթացը»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ եթե, օրինակ, Facebook-ում ինչ-որ բան են գրում sponsored-ի ներքո (խմբ. գովազդի ներքո), ապա հարկվելու է:

ՊԵԿ նախագահը հստակեցրեց, որ խոսքը բացառապես ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայությունների մասին է, կազմակերպությունների դեպքում հարցը կարգավորված է: Կառավարությունը սահմանելու է ծառայությունների ցանկը, որոնք այս հարկման ծառայության տակ ընկնում են:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, այս կարգավորումը ոչ միայն լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելուն է ուղղված, այլ մրցակցային պայմանները հավասարեցնելուն: