Դիմակով և նռնակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ հարձակվել են տարադրամի փոխանակման կետի վրա

Մանրամասներ

Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ անհյատ անձը, ըստ նախնական տեղեկուոյունների, նռնակով զինված մտել է Ամիրյան 7  հասցեում գործող վարկային կազմակերպություն և տարադրամի փոխանակման կետ և այնտեղից փորձել գումար հափշտակել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ստահակը եղել է բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր սև գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի, ու նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այս պահին նշված վայրում դեպքի վայրի զննություն են կատարում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչները բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգամ Դալլաքյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Երևանի քննչական վարության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի 3-րդ դասակի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։