Սո՛ւտ է, որ ասում են՝ եթե միջանցքը բացեն, Հայաստանը տնտեսական առավելություններ կունենա

Ադրբեջանը լծվել է «Մեղրիի միջանցքի» ստեղծման գործին, որն իրականություն դարձնելու դեպքում նշանակելու է՝ Հայաստանը վերջնականապես զիջելու է իր անկախությունը

1«Ակնհայտ է դառնում, որ այստեղ առևտուր է գնում, և Ալիևը գնում է Փաշինյանի հետ հարաբերություններ հաստատելուն, և դրա համար անընդհատ նոր պայմաններ է առաջ քաշում։ Եթե մենք նույնիսկ Ադրբեջանին հանձնենք մի քանի տարածքներ, նա չի բավարարվելու, նորից պայմաններ է առաջ քաշելու, սա է պարտված կողմի վիճակը։ Ալիևն այսօր ինքն իրեն չի հարցնում՝ բարոյակա՞ն է Հայաստանի վրա ճնշում գործադրել, թե՞ ոչ, նա առաջ կգնա այնքան, որքան ցանկանա, և որքան հայկական կողմը թույլ տա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Բարենցը։

Ըստ քաղաքագետի, Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը լծվել է «Մեղրիի միջանցքի» ստեղծման գործին, որն իրականություն դարձնելու դեպքում նշանակելու է՝ Հայաստանը վերջնականապես զիջելու է իր անկախությունը։

«Եթե Ադրբեջանն այս ամենն իրականություն դարձնի, ապա մենք համեմատվելու ենք սուբյեկտայնություն չունեցող գերփոքր պետության հետ։ Եթե այդ միջանցքը բացում ենք, ապա դրանից որևէ բան չենք շահում։ Սո՛ւտ է, որ ասում են՝ եթե միջանցքը բացեն, Հայաստանը տնտեսական առավելություններ կունենա, հետաքրքիր է՝ մենք ծախելու ի՞նչ ունենք, արդյունաբերություն ունե՞նք։ Մենք չենք շահի, սակայն Թուրքիան այստեղ ամեն ինչ կշահի, սա բոլոր պետություններին շահավետ է, բացի Հայաստանից»,- հավելեց նա։