Շաքարավազ ներկրում է 6 ընկերություն, որոնցից մի քանիսը հայտնի բիզնեսմենի անվան հետ են առնչվում. Մենաշնորհը վերադառնում է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Մինչև 2021 թվականը տավարի և խոզի սառեցված միսը հնարավոր է եղել երրորդ երկրից ներմուծել մոտավորապես 12,5 տոկոս մաքսատուրքով, իսկ ԵԱՏՄ օրենսդրության դրույթները Հայաստանում ուժի մեջ մտնելուց հետո մաքսատուրքը կրկնակի բարձրացել է ու դարձել 25 տոկոս: Եվրասիական տնտեսական միությունը երրորդ երկրից ներմուծման քվոտա է տրամադրել Հայաստանին, որ թեթևացնի երկրի տնտեսական բեռը, բայց Tert.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախընտրել է քվոտան չբաշխել տարվա սկզբին, արդյունքում՝ երշիկեղեն արտադրող և մսամթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները փաստի առաջ են կանգնել, իսկ հայ սպառողը ստիպված է 30-40 տոկոս ավելի բարձր վճարել:

«Նախկինում սառեցված տավարի մսի մանրածախ գինը եղել է մոտ 1500 դրամի սահմաններում, հիմա գրեթե 2000 դրամ է: Նախարարի աբսուրդ պատկերացումները տնտեսության մասին հասկանալու համար ասեմ, որ երբ քվոտայի համար պայքար էր գնում հունվար-փետրվար ամիսներին՝ նախարարը պատասխանեց, որ Արցախից խոշոր եղջերավոր անասունի խմբաքանակ է բերվել Հայաստան, ու եթե քվոտան բաշխենք, ապա դրանց գինը ցածր կլինի: Ոլորտի պատասխանատուն չի հասկանում, որ այսպես, թե այնպես դա Հայաստան էր ներմուծվելու, հո Ադրբեջան չէին տանելու»,- հայտնում է Tert.am-ի աղբյուրը:

Tert.am աղբյուրի փոխանցմամբ դժվար դրության մեջ են հայտնվել նաև բանակին պահածոյացված միս մատակարարող ընկերությունները: Մի մասը փաստի առաջ հայտնվելով վնասով է աշխատել և պայմանագրով սահմանված գնով կատարել իր պարտավորությունը, իսկ որոշներն էլ ստիպված հրաժարվել են արտադրանք մատակարարել և տուգանվել: Բացատրում է՝ Հայաստանում արտադրության մեջ թարմ տավարի միս օգտագործող ընկերություն գրեթե չկա. հետևաբար, էկոնոմիկայի նախարարի թեթև ձեռքով արհեստական ճգնաժամ է առաջացել այս ոլորտում. «Բացարձակապես ո՛չ կապ ունի տնտեսության հետ, ո՛չ կապ ունի նախարարության, ինքը այնտեղ է կոնկրետ անձանց շահերը սպասարկելու համար»,- այս կարծիքը հայտնեցին Tert.am-ի հետ զրուցած գործարարները, որոնք չցանկացան ներկայանալ:

Նրանց համոզմամբ Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսությունը տանում է մենաշնորհային դաշտ և օրինակ բերում՝  2018-ին սպիտակ շաքարավազի 1կգ 230 դրամի սահմանում էր, իսկ հիմա սակագինը նորից բարձրացել է և տատանվում է 400-450 դրամի միջակայքում: 

Այս տարվա մայիսի 21-ին Կառավարությունը սպիտակ շաքարավազի՝ երրորդ երկրից ներմուծման քվոտան տրամադրել է 6 ընկերության: ԵԱՏՄ-ն Հայաստանին թույլատրել է ցածր մաքսատուրքով 22.000 տոննա ներկրել երրորդ երկրից մինչև սեպտեմբերի 30-ը, սա նշանակում է, որ 22.000 տոննան բաժանվել է 6 ընկերության միջև, որոնցից մի քանիսը Tert.am-ի աղբյուրի փոխանցմամբ, կա՛մ պատկանում են գործարար Սամվել Ալեքսանյանին, կա՛մ առնչվում նրա անձի հետ: