Մոսկվան ու Բաքուն համապատասխանեցրին «սիրախաղի ժամացույցները»

Մանրամասներ

1

Պուտին-Ալիեւ երեկվա մոսկովյան հանդիպումը, որի նպատակը Մոսկվայի եւ Բաքվի միջեւ «ժամացույցները համապատասխանեցնելն էր», կարելի է համարել կայացած։ Դժվար է ասել, թե այն ինչ արդյունքներ կունենա Ռուսաստանի կամ տարածաշրջանի համար, առհասարակ, սակայն կարելի է ասել, որ այդ հանդիպումը նոր բան չավելացրեց Հարավային Կովկասի ներկայիս վերափոխվող ճարտարապետության մեջ՝ թերեւս միայն ընդգծելով, որ ներկա իրավիճակում Ռուսաստանը շարունակում է Բաքվին սիրաշահելու գործընթացը եւ կշարունակի դեռ բավական ժամանակ։ Իսկ Ադրբեջանն էլ, հասկանալով իր արժեքը, կշարունակի ամեն դետալի շուրջ թանկ գնով առեւտուրը Մոսկվայի հետ՝ փորձելով, քանի դեռ ունի հնարավորություն, պոկել առավելագույնը, միաժամանակ նաեւ հասկացնելով, որ հակառակ դեպքում ինքը կարող է եւ անցնել հակառակ ճամբար։ Մի բան, որ ընդհանրապես Մոսկվայի սրտով չէ։

Իրականում, սակայն, Մոսկվայում լավ էլ հասկանում են, որ Ադրբեջանը, սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, արդեն անցում կատարել է հակառակ ճամբար՝ արեւմտյան ուղեծիր՝ թույլ տալով, որ ՆԱՏՕ-ում ոչ ամենեւին վերջին դիրքերը զբաղեցնող Թուրքիան ունենա ամենագործուն մասնակցություն 44-օրյա պատերազմին։ Սակայն այժմ Ադրբեջանում լավ են հասկանում, որ Ռուսաստանի համար իրավիճակը բավականին նուրբ է, եւ Մոսկվան առաջվա գերհզոր վիճակում չէ, եւ եթե Կրեմլում են սկսել «խաղեր տալ» եւ «սեթեւեթել» թե՛ իրենց եւ թե՛ Անկարայի հետ, ուրեմն ճիշտ ժամանակն է ոտքը «գազի» ոտնակից չհանելու եւ առավելագույնը պոկելու համար։ 

Իսկ ընդհանրապես, որքան էլ Ռուսաստանի նախագահն Ադրբեջանի նախագահին «Իդ մուբարաք» ասի ու Կուրբան Բայրամ շնորհավորի, հասկանալի է, որ, պատկերավոր ասած՝ Ալիեւի աշխատասեղանին երկու հեռախոս կա արդեն, մեկը՝ Մոսկվայի եւ մյուսը՝ Անկարայի հետ կապն ապահովող, ու դեռ հարց է, թե որ հեռախոսով է Ալիեւն ավելի շատ խոսում։ Այս ամենը մեզ համար բավական վատ է, որովհետեւ Բաքուն դիրքավորել է իրեն այնպես, ասես Մոսկվայի հետ իր ընդհանրությունները շատ ավելին են, քան Մոսկվայի եւ Երեւանի տեսակետների ընդհանրությունները։

Սա նշանակում է, որ մենք էլի կորուստներ ենք ունենալու, ընդ որում՝ հանուն այն բանի, որ Մոսկվան կարողանա Բաքվի հետ շարունակել իր «սիրախաղը»։ Այս իրավիճակում Հայաստանն ունի մի ճանապարհ․ գործադրելով քաղաքական կամք՝ կատարել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն եւ դուրս գալ ռուսական «ետնաբակի» կարգավիճակից, ինչպես դա արեցին հետսովետական այլ երկրներ, հատկապես որ նախադրյալներ կարծես թե ստեղծվելու են։

«Հրապարակ»