Բաքուն նախընտրում է երկաթը տաք-տաք ծեծել, քանի դեռ Արևմուտքը չի հայտնվել տարածաշրջանում. Regnum

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հայտնի ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Regnum կայքում անդրադարձել է Հարավային Կովկասում և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին` հիմնական ուշադրությունը դարձնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա այցին Մոսկվա և Արցախյան խնդրի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին:

Տարասովն ընդգծում է, որ հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների`Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման գործնական ասպեկտներին, ներառյալ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման խնդիրները:

Հեղինակը նկատում է, որ Ալիևը տարածաշրջանում ներկայիս ժամանակահատվածը որակել է որպես «հետկոնֆլիկտային»:

«Ռազմական գործողությունների ավարտից հետո անցած ութ ամիսների ընթացքում, կարծում եմ, մեր անձնական շփումը ինչպես հունվարին Մոսկվայում, այնպես էլ հեռախոսով շատ կարևոր դեր է խաղացել իրավիճակի կայունացման գործում: Մենք վճռական ենք տրամադրվել, որպեսզի հետհակամարտային շրջանը հնարավորինս անցավ անցնի: Կարծում եմ, որ համատեղ ջանքերով մեզ դա հաջողվում է», - ասել է Ալիևը: Իր հերթին, Պուտինը Ալիևին գովել է այն փոխզիջումային որոշումների համար, որոնք ընդունվում են Անդրկովկասում իրավիճակը կարգավորելու համար: Ըստ Ռուսաստանի առաջնորդի, «այդպիսի որոշումները միշտ էլ ամենադժվարն են», «բայց եթե մենք ուզում ենք,  իսկը բոլորը ցանկանում են կարգավորում գտնել, ապա մենք պետք է գնանք այս ճանապարհով: Մինչ այժմ մենք կարողացել ենք դա անել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ»: Թե կոնկրետ Ալիևի ինչ որոշումների մասին է խոսքը, մնում է առեղծված», գրում է Տարասովը` նկատելով, որ Ալիևը նոյեմբերի իննի պայմանավորվածություններն անվանում է «Հայաստանի կապիտուլյացիայի ակտ»` հայտարարելով, որ  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող:

«Իսկ Ալիևի հայտարարություններն առ այն, որ նա պատմական ադրբեջանական հողեր է համարում Հայաստանի մարզերից մեկն ու երկրի մայրաքաղաքը, Մոսկվային` ՀԱՊԿ գծով Երևանին դաշնակցին, բարդ իրավիճակում են դնում: Կազմակերպության կանոնադրության համաձայն, դրա անդամներից որևէ մեկի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը ենթադրում է ռազմական արձագանք դաշինքի մնացած անդամների կողմից, գրում է հոդվածագիրը»,-գրում է Տարասովը:

Վերջինս անդրադառնում է նաև ԵՄ-ի կողմից ՀՀ-ին մոտ երեք միլիարդ եվրոյի չափով օգնության մասին հայտարարությանը:

«Այսօր պարզ է, որ Անդրկովկասում կրկին բարդ իրավիճակ է ստեղծվում: Ռուսաստանը, երկարամյա ղարաբաղյան հակամարտությունը դադարեցնելու գործում հանդես գալով որպես միջնորդ, ոչ միայն նախաձեռնել է պատերազմն ավարտած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումը, այլ նաև այս կարևոր փաստաթղթի դրույթների կատարման երաշխավորն է: Մոսկվային փորձում են «շարժել» ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները` ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որոնք պնդում են, որ համաձայնագիրը պետք է փոխարինվի նոր, ավելի լայն միջազգային խաղաղության պայմանագրով, որում ամրագրված կլինեն նախորդ խոչընդոտները վերացնելու միջոցով կայունության և փոխվստահության մթնոլորտի հետագա ամրապնդման սկզբունքները, սահմանները և տրանսպորտային միջանցքները բացելը` որպես տարածաշրջանում տնտեսական բեկման հիմք»:

Համաձայնագիրը կարող է պարունակել նաև կետեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ և սահմանել խաղաղապահների զորախմբի ներկայության պայմանները, որոնք կարող են լինել ոչ միայն ռուսական: Դրանից հետո զարմանալի՞ է, որ Երևանում սկսել են հետաձգել տրանսպորտային միջանցքների բացումը, իսկ դրան զուգահեռ Արևմուտքում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր է բանակցություններ և բազմակողմ խորհրդակցություններ սկսել համարյա զրոյից ՝ չեղյալ համարելով նոյեմբերյան պայմանավորվածությունները:

Ոչ պաշտոնական տեղեկատվություն կա նաև այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձում է նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղարաբաղի վերաբերյալ սկզբունքորեն նոր բանաձևի ընդունում: Միևնույն ժամանակ, Մոսկվան ժամանակավրեպ է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումը և առաջարկում է օգտագործել բոլոր հեղինակավոր հարթակները գոնե կապեր հաստատելու համար:

Այդ պատճառով Ալիևի այցը չափազանց կարևոր է թվում, քանի որ այն նպատակ ունի նախանշել իրավիճակի վրա ազդեցության արդյունավետ լծակներ օգտագործելու Ռուսաստանի և Ադրբեջանի հնարավորությունները: Երկու երկրների նախագահների հանդիպումը արձանագրել է կարևոր ընդհանուր դիրքորոշումների համընկնումը, բայց հստակ պատասխան չի տվել նորանշանակ արևմտյան ռևիզիոնիստներին: Միգուցե պատասխանը հետո լինի: Կամ ընդհանրապես չլինի: Որ կողմից էլ նայենք, բայց Ղարաբաղյան հակամարտությունը հասավ Եվրոպա: Սակայն Անդրկովկասփում սրացումներն ամենաքիչն են պետք Ռուսաստանին, որը բավականաչափ խնդիրներ ունի նախկին ԽՍՀՄ-ի մյուս թեժ կետերում` հաշվի առնելով թալիբների մասնակցությամբ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: Այնուամենայնիվ, Բաքուն նախընտրում է երկաթը տաք-տաք ծեծել, առավելագույնս օգտագործել անցած տարվա հաղթանակի պտուղները և ձգտում է լուծել Ստեփանակերտի և Նախիջևանի միջանցքի խնդիրը հենց հիմա, քանի դեռ Արևմուտքը չի հայտնվել տարածաշրջանում: Արդյոք կհաջողվի՞ դա նրան»,-եզարափակել է Տարասովը: