Աշխարհի ամենահարուստ մարդը թռավ տիեզերք

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ «Ամազոն» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը իր իսկ ընկերության կառուցած տիեզերանավով ուղևորվել է տիեզերք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC-ն գրում է, որ «New Shepard» տիեզերանավի թռիչքը Տեխասի Վան-Հորն քաղաքի անապատից մեկնարկել է տեղական ժամանակով 09:12-ին (Երևանի ժամանակով՝ 17:12-ին): Երկու րոպե անց տիեզերանավը անջատվել է հրթիռից և կարճ ժամանակով թռչել է տիեզերք, որից հետո հրթիռը վայրէջք է կատարել հետ քաշվող ոտքերի վրա, իսկ քիչ անց երկիր է վերադարձել նաև «New Shepard» տիեզերանավի պատիճը (կապսուլան):

«Խոսում է տիեզերագնաց Բեզոսը: Սա ամենալավ օրն է: Ուզում եմ ասել ձեզ, որ այստեղ շատ ուրախ անձնակազմ ունենք», - վայրէջքի ժամանակ ասել է Ջեֆ Բեզոսը:

Բեզոսի հետ տիեզերք են թռել նաև նրա եղբայրը՝ Մարկ Բեզոսը, 18-ամյա ուսանող Օլիվեր Դեմենը և 82-ամյա Ուոլի Ֆանքը, որը 1960-ականներին կին օդաչուների հետ հասարակական շարժում էր նախաձեռնել՝ կանանց նույնպես տիեզերք ուղարկելու պահանջով:

«New Shepard» տիեզերանավը կառուցել է Բեզոսին պատկանող «Blue Origin» ընկերությունը, որի նպատակը տիեզերական զբոսաշրջությունը զարգացնելն է: