Օգտվել, թե՞ արժանի դառնալ

Մանրամասներ

Հաճախ, երբ մշտապես մեղքեր գործելով ներում ենք ստանում Աստծուց, շարունակում ենք քայլել նույն սխալ ճանապարհով: Կրկին գործում ենք նույն մեղքը և կամ դասեր չքաղելով հայտնվում նույն իրավիճակներում: Այդ դեպքերում սովորաբար չենք փորձում գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու է ստացվում այդպես: Իրականում մենք պարզապես չենք ցանկանում դասեր  քաղել մեզ հետ կատարվածից և ակամայից օգտվում ենք Աստծո ներողամտությունից, սիրուց ու բարությունից: Աստվածաշնչում, թերևս, ասված է. «Չգիտե՞ս, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է տանում» (Հռոմեացիներ 2:4): Այս հարցը մշտապես պետք է ունենանք մեր սրտերում ու մտքերում, երբ ստանում ենք ներում մեր կատարած մեղքերի համար:

«Աստված պատժո՞ւմ է»,- հաճախ հարցնում ենք մենք: Թվում է, այս հարցն անիմաստ է, քանզի իրական հավատով ապրող քրիստոնյան երբևէ չի ունենա նման հարց: Իսկ երբ այս հարցն առաջանում է, ստացվում է, որ փորձում ենք իմանալ պատժելու մասին, որպեսզի որևէ կերպ սաստենք մեղք գործելու մեր ցանկությունները:

Աստված սեր է, ինչպես ասված է Սուրբ Գրքում, և սերը չի կարող պատժել: Սակայն Աստծուց երկյուղ ունենալը յուրաքանչյուր քրիստոնյայի մղում է մեղքեր չգործելու, ապաշխարության ու աստվածահաճո կենցաղի հաստատման: Հենց այս պարզ ճշմարտության գիտակցումով է, որ պիտի մեր կյանքում հաստատենք ավետարանական խոսքը, թե «Չգիտե՞ս, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է տանում» (Հռոմեացիներ 2:4): 

Աստծո անսպառ բարությունից օգտվել կարող են բոլորը, սակայն քչերը կարող են դրանով հուսադրվելով անցնել հավատի հաստատման ճանապարհով: Քաջ գիտակցենք, որ Աստված յուրաքանչյուրին հատուցում է՝ ըստ կատարած քայլերի: Եվ փորձենք գործել բարին՝ ոչ թե օգտվելով մեզ ակամայից բաժին հասածից, այլ գործենք այն, որպեսզի արժանանանք այդ շնորհներին մեր արարքներով:

qahana.am