Չինաստանի՝ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությանը հակակշռելու համար ԵՄ-ն սեփական ծրագիրն է սկսում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են մեկնարկել Եվրոպան աշխարհի հետ կապող ենթակառուցվածքի համաշխարհային ծրագիրը, հաղորդում է Reuters-ը։

Կասկածանքով վերաբերվելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությանը, որն ուղղված է Եվրոպան Ասիայի հետ ենթակառուցվածքի միջոցով կապելուն, ԵՄ-ն ներկայացրել է «միացման» հավակնոտ ծրագրի իրականացումը՝ սկսած 2022 թվականից։

«Մենք տեսնում ենք, որ Չինաստանն օգտագործում է տնտեսական եւ ֆինանսական միջոցները իր քաղաքական ազդեցությունն ամբողջ աշխարհում մեծացնելու համար։ Անօգուտ է դժգոհել այդ առնչությամբ, մենք պետք է այլընտրանքներ ներկայացնենք»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ Հայկո Մասը։ «Կարեւոր է, որ ԵՄ-ն համակարգի դրանք Միացյալ Նահանգների հետ»,-ասել է նա։

ԵՄ-ն արդեն ստորագրել է գործընկերային համաձայնություն Ճապոնիայի եւ Հնդկաստանի հետ տրանսպորտային, էներգետիկ եւ թվային նախագծերի համար, որոնք կապում են Եվրոպան Ասիայի հետ։ Ե՛ւ Տոկիոն, ե՛ւ Դելին մտահոգված են Չինաստանի շռայլությամբ, որը պաշտոնական անձանց խոսքով՝ ստիպում է, որ առավել աղքատ երկրները պարտական լինեն Պեկինին։

Արեւմտյան պաշտոնական անձանց խոսքով՝ Չեռնոգորիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է եւ հավակնում է մուտք գործել ԵՄ, հանդիսանում է չինական պարտքի ամենավառ զոհը։

2014 թվականին Չեռնոգորիան Չինաստանից պարտք է վերցրել շուրջ 1 միլիարդ դոլար 41-կիլոմետրանոց ճանապարհը ֆինանսավորելու համար․ գումար, որը սպառնում է սննկացնել երկիրը։

ԵՄ ռազմավարությունում, որի անվանումն է «Գլոբալ միավորված Եվրոպա», Չինաստանի չի հիշատակվում։ Լյուքսեմբուրգի ԱԳՆ Ժան Ասելբորնը նախազգուշացրել է, որ Չինաստանը կդառնա այդ ծրագրի հակառակորդը՝ նշելով, որ գերմանական ավտոարտադրողները վաճառում են Չինաստանում տարեկան ավելի շատ ավտոմեքենաներ, քան Գերմանիայում։

2013 թվականից Չինաստանը սկսել է շինարարական նախագծեր ավելի քան 60 երկրներում՝ ձգտելով ստեղծել ցամաքային եւ ծովային հաղորդակցման ուղիների ցանց Հարավ-Արեւելյան Ասիայի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի եւ Աֆրիկայի հետ։