Հունիսը դարձավ և՛ միջին ջերմաստիճանով, և՛ շոգերի տևողությամբ, և՛ ջերմաստիճանի առավելագույն ցուցանիշներով ամենատաքը. Սուրենյանը հայտնեց պատճառը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Գագիկ Սուրենյանը, խոսելով անոմալ շոգ հունիս ունենալու պատճառների մասին, հայտարարեց, որ սովորաբար Հայաստանում ամառային սեզոնին եղանակա-կլիմայական պայմանները ձևավորվում են հարավից, մասնավորապես՝ Իրաքից ու Իրանից ներթափանցող արևադարձային տաք հոսանքերով, որոնք գալիս են հուլիսին:

Սակայն այս տարի դրանք սկսեցին մեր երկիր ներթափանցել հունիսի առաջին տասնօրյակից, իսկ հունիսի 15-ից հետո այդ պրոցեսը սկսեց սրվել:

Արդյունքում եղավ այն իրավիճակը, որ հունիսի 15-29-ը գրեթե բոլոր օրերին հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում՝ Երևանում, առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները. «Իսկ հունիսի 23-25-ը մենք Արարատյան դաշտում և Երևանում ունեցանք մինչև 41,2 աստիճան տաքություն, որը մոտ 2 աստիճանով գերազանցեց 1998 թվականին դիտված պատմական ռեկորդը:

Այսինքն, ստացվեց, որ այս տարվա հունիսն օդերևութաբանության պատմության մեջ դարձավ և՛ միջին ջերմաստիճանով, և՛ շոգերի տևողությամբ, և՛ ջերմաստիճանի առավելագույն ցուցանիշներով ամենատաքը: Իսկ մեր օդերևութաբանության պատմության մասով ասեմ, որ մենք կայանքներ ունենք, որոնք ունենք 100 տարուց ավելի կյանք»:

«Դրա հիմնական պատճառը գիտնականները կապում են Խաղաղ օվկիանոսում գոյություն ունեցող երկու ծովային հոսանքների՝ Էլ Նինյոյի, և Լա Նինյոյի վարքով:

Լա Նինյոն սառը հոսանքն է, որի թուլացումը հանգեցնում է օվկիանոսի ջրի մակարդակի կտրուկ բարձրացմանը, որն անմիջականորեն ազդում է մոլորակի տարբեր հատվածների եղանակա-կլիմայական պայմանների ձևավորման վրա: Այս պահին հիմնական գիտական բացատրությունը դա է»,-հավելեց նա: