ՀՀ-ն պետք է վերահսկի Հնդկաստանի բնակչության հոսքը դեպի երկիր

Մանրամասներ

Վերջին շրջանում մեծ հնչեղություն է ստացել Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան ընդլայնվող ներգաղթի խնդիրը, որը արդարացի մտահոգություն է առաջացնում մեր հասարակության մեջ։

Նախորդ տասնամյակի ընթացքում Հայաստանում արմատացած էր այն կարծիքը, որ մեր երկիրը աղքատ է, մեր երկրից համատարած արտագաղթ է տեղի ունենում, և այն որևէ գրավչություն չի ներկայացնում օտարերկրացիների համար։ Իրականությունը, սակայն, այն է, որ Հայաստանի տնտեսությունը, թեև ոչ շատ արագ, զարգանում էր, և 2018 թվականին մեր երկիրը, Համաշխարհային Բանկի դասակարգմամբ, հատեց միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շեմը։ Նույն ժամանակ, Հարավային և Հարավ-արևելյան Ասիայում, կան հսկայական բնակչությամբ մի շարք երկրներ՝ Հնդկաստան, Պակիստան, Ֆիլիպիններ, Բանգլադեշ, Մյանմա, Վիետնամ, որոնցում միասին վերցված ապրում է 2 միլիարդից ավելի բնակչություն, և որոնք իրենց տնտեսական զարգացման մակարդակով արդեն իսկ հետ են մնում Հայաստանից: Այս երկրների ունեզուրկ բնակիչների համար Հայաստանը, տնտեսական զարգացմանը զուգահեռ, դառնում է գրավիչ աշխատանքի շուկա, և դա բնական երևույթ է՝ նույն խնդրին են բախվում բոլոր արագ զարգացող և զարգացած երկրները։

Հնդկաստանի դեպքը առանձնահատուկ է։ Մի կողմից, այն մեզ բարեկամական երկիր է, և մենք ունենք այս երկրի հետ բազմաթիվ գործնական կապեր (մասնավորապես, ինֆորմացիոն և բարձր տեխնոլոգիաների ոլորտում), որոնք վերջին տարիներին արագ զարգանում են, և Հայաստանը շահագռգիռ է դրանց խորացման մեջ։ Մյուս կողմից, Հնդկաստանը խիստ սրված ներքին սոցիալական հակասություններով երկիր է։ Մասնավորապես, երկրի 1,35 մլրդ բնակչության 20%-ը պաշտոնապես ծայրահեղ աղքատ է (համեմատության համար, Հայաստանում ծայրահեղ աղքատ է բնակչության միայն 1,5%-ը), և ապրում է օրական 1 ԱՄՆ դոլարից ցածր եկամուտով, այս մարդկանց ճնշող մեծամասնությունը նաև չունեն մշտական օթևան։ Հնդկաստանի բնակչության 15% իսլամ է դավանում, և երկրում իսլամական ծայրահեղականությունը ևս լուրջ խնդիր է։ Նաև, Հնդկաստանում խիստ սրված է սեռային անհամաչափությունը, 100 տղամարդուն ընկնում է ընդամենը 94 կին, Հնդկաստանը կանանց նկատմամաբ սեռական բռնության մակարդակով առավել խնդրահարույց երկրներից է աշխարհում։  Հնդկաստանի կառավարության ջանքերը՝ լուծելու ծայրահեղ աղքատության և դրա հետ կապված հանցագործության և այլ խնդիրները, մինչ այժմ չեն բերել ցանկալի արդյունքի, տարբեր պատճառներով։ Այդ պայմաններում, Հնդկաստանի կառավարությունը, ոչ պաշտոնապես, դիտարկում է աղքատ բնակչության արտագաղթը երկրից որպես սոցիալական խնդիրները մեղմելու միջոց, և վերջին տարիներին Հնդկաստանից տարեկան արտագաղթում է մոտ 3 միլիոն մարդ (Հայաստանի ամբողջ բնակչության չափ), ընդ որում դրանց մեջ մեծ տոկոս են կազմում երկրի իսլամ դավանող քաղաքացիները (մոտ 27%):

Հնդկաստանից տեղի ունեցող հսկայական միգրացիոն հոսքերի ֆոնը կարող է հանգեցնել Հայաստանում անցանկալի դեմոգրաֆիական զարգացումների, և դրանից բխող բազմաթիվ անկանխատեսելի խնդիրների։ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերահսկի միգրացիոն հոսքերը բոլոր բարձր աղքատություն ունեցող երկրներից, և այստեղ Հնդկաստանն էլ բացառություն չպետք է կազմի։