Աստված ամենաներող է. Նա կների մեզ, նույնիսկ եթե հազար անգամ սայթաքենք

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

… ոչ թե բերանից ներս մտածն է պղծում մարդուն, այլ ինչ որ դուրս է ելնում բերանից. ա՛յն է պղծում մարդուն: (Մտ. 15:11)

Ատելությունը պատասխա՞ն է: Ո՛չ: Ատելությունը պատասխան չէ և չի կարող լինել: Բայց մենք ամենուր հենց ատելությամբ էլ պատասխանում ենք այն ամենին, ինչը չի տեղավորվում մեր հայացքում, ինչը չի ենթարկվում մեր ընկալողունակությանը, ինչը դեմ է աշխարհի հանդեպ ունեցած մեր պատկերացումներին: Հենց այդ ժամանակ մենք հավաքում ենք քարերն ու շպրտում տարբեր ուղղություններով: Փորձում այդ կերպ փոխել, վերաձևել մեզ շրջապատող մարդկանց, երևույթներն ու իրողությունները: Բայց այդպես չէինք վարվի, եթե մի պահ, մի պահ իսկ հիշեինք՝ ինչ էր անում Քրիստոս՝ երկու հազարամյակ առաջ, ինչ դասեր էր տալիս մեզ:

Մենք մեզ քրիստոնյա ենք հռչակում, փորձում ենք պաշտպանել քրիստոնեական արժեքներն ու ավանդույթները՝ շատ հաճախ առանց քրիստոնեական արժեհամակարգի ամենաառանցքային խորհուրդները կրելու և կյանքի կոչելու: Մենք սիրում ենք մեզ սիրողներին միայն, մենք տեսնում ենք այլոց աչքերի շյուղերը՝ առանց մեր աչքերի գերանները նկատելու: Մենք մոռանում ենք, որ Աստծո սերը բոլորինն է, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է բոլորի՝ չարերի և բարիների, արդարների և անարդարների վրա: Եվ հաճախ մեզ չենք էլ հարցնում՝ ո՞վ ենք մենք, որ դատենք:

Ո՞վ ենք մենք, որ այլոց հանդեպ ներողամտության, սիրո փոխարեն դատենք, նրանց համար աղոթելու փոխարեն՝ քարեր նետենք, անիծենք: Եվ եթե վարվում ենք այսպես՝ ինչո՞վ ենք տարբերվում նրանցից, ովքեր Աստված չունեն, ովքեր Քրիստոսին որպես Տեր, Ուսուցիչ և Փրկիչ չեն ընդունում, չեն ճանաչում: Ասացե՛ք, ինչո՞վ: Ոչնչով: Եվ ավելին, մենք նրանցից հազար անգամ ավելի թերի և չար ենք, որովհետև երկերեսանի ենք ու կեղծ: Որովհետև շեփորում ենք, թե քրիստոնյա ենք, թե Աստված ունենք, հույս ու մխիթարություն ունենք Նրանով, բայց չենք գործում ու չենք ապրում Քրիստոսի՝ աշխարհ բերած արժեքներով, չենք մտաբերում Աստծո պատգամները մեր զայրույթի պահերին, չենք հիշում, որ չպիտի դատենք, զրպարտենք, սպանենք:

Ու չպիտի սպանեք նույնիսկ չարը, որովհետև չարը գոյություն չունի: Դա անիմաստ պայքար է: Չարը բարու բացակայությունն է: Այն բարու, որը ինքդ պիտի արարես: Եթե դու ուզում ես, որ չարը, նենգը, պիղծը, վատը, ավերողը, փչացնողը չլինեն, դու՛ պիտի արարես բարին, վեհը, մաքուրը, լավը, կառուցողականը: Արարու՛մն է պատասխանը, սե՛րն է պատասխանը:

Եթե ուզում ես մեկին փրկել, եթե ճշմարտապես դա՛ է քո նպատակը, դու երբե՛ք, երբեք նրա վրա քար չես շպրտի: Խեղդվող մարդուն օգնության ձեռք է պետք: Ընկած մարդուն բարձրացնելու համար կռանալ է պետք, ոչ թե կանգնած տեղից ճառեր կարդալ: Եթե հակառակն եք անում, ընդամենը կերակրում եք ձեր «ես»-ը՝ հաստացնելով ձեր աչքերի գերանները, խորացնելով ձեր կուրությունը, դիմացինի ցավին ձեր անհաղորդությունը:

Ամեն օր սոցիալական կայքերը ողողվում են քննադատությունների հերթական ալիքով:

Դրանց աննշան մասը կարդալիս իսկ հոգիդ փոքրանում է, նեղանում, խեղդվում: Ինչպե՞ս են մարդիկ ամեն օր արթնանում և իրենց տրված ամենաթանկը՝ կյանքն ու ժամանակը վատնում այլ մարդկանց ցեխի մեջ թաթախելու, քարերով հարվածելու, սեփական ատելությամբ պատելու վրա: Քրիստոս մեզ զգուշացնում էր, որ մեր բերանից ներս մտածը չի կարող մեզ պղծել, փոխարենը մեզ պղծում է այն, ինչ դուրս է ելնում մեր բերանից: Հիշու՞մ ենք այս մասին, արդյոք, օրվա մեջ գեթ մեկ անգամ, որևէ միտք բարձրաձայնելիս, սոց. կայքերում մեկնաբանություններ թողնելիս:

Քրիստոս աշխարհ եկավ և չխաչվեց անմիջապես: Նա ճանապարհ անցավ, որ մեզ ճանապարհ ցույց տա: Ամբողջ երեք տարի մարդկանց սիրո խոսքը փոխանցեց ու պատվիրեց այն հասցնել բոլոր ժամանակների մարդկանց: Քրիստոսի առաքելությունը մեզ համար խաչվելը չէր միայն: Նա երկնային գանձեր էր բերել Իր հետ՝ որպես ընծա: Բոլո՛ր մարդկանց և հատկապես նրանց, ովքեր այսօր իրենց քրիստոնյա են կոչում:

Աստված ամենաներող է. Նա կների մեզ, նույնիսկ եթե հազար անգամ սայթաքենք: Ի վերջո, դա մեր բնույթն է, ներելը՝ Աստծո Էությունը: Բայց մեր բնույթն է նաև ընկած տեղից վեր կենալն ու նույն տեղում չսայթաքելը, դասեր քաղելը, աճելը: Որևէ մարդու կամ երևույթի ատելությամբ պատասխանելը սայթաքում է, զայրույթին տրվելը սայթաքում է, այլոց վրա քար նետելը սայթաքում է: Բայց ինչքա՞ն կարելի է սայթաքել միևնույն տեղում: Մարդն ամեն օր հնարավորություն ունի ընկած տեղից վեր կենալու, սիրո մեջ ամրանալու, ապա կռանալու, որպեսզի բարձրացնի մյուսներին: Հարկ է պարզապես չմոռանալ այդ մասին: Չմոռանալ, որ միայն սերը կարող է պատասխան լինել: Միշտ և ամենուրեք:

Ա. Պողոսյան

qahana.am