Ինչու՞ պետք է նորից բանակցենք. Այդ հարցը փակված է. Ալիևը՝ Արցախի մասին

Մանրամասներ

ա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Ներկայում մենք գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման փուլում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է եւ անհրաժեշտություն չկա բանակցել այդ հարցի շուրջ»,-ուրբաթ Բաքվում Ռումինիայի, Ավստրիայի եւ Լիտվայի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիեւը:

Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես փորձում են այն ներկայացնել միջազգային քաղաքական գործիչները, միայն հրադադարի մասին չէ:

«Նա, ով կկարդա այդ փաստաթուղթը, կտեսնի, որ այն անդրադառնում է մի շարք այլ հարցերին: Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին: Մենք շրջել ենք այդ էջն ու պատրաստ ենք առաջ գնալ եւ մեր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության գործում»,-հավելել է Ալիեւը:

«Հայաստանի կառավարությունն անտեսում է իրենց հետ խաղաղ համաձայնագրի հարցով բանակցություններ սկսելու մասին մեր ցանկացած հայտարարությունները: Սակայն չի բացառվում, որ նախընտրական իրավիճակն է, որ չի նպաստել այդ հայտարարություններին: Բայց այժմ՝ Հայաստանում ընտրություններից հետո, մենք հույս ունենք, որ դրական պատասխան կստանանք»,-ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է հետպատերազմական իրավիճակից Հարավային Կովկասում խաղաղ զարգացմանն անցում կատարելու ցանկության մասին:

«Ցավոք, մենք երբեք չենք լսել այդօրինակ որեւէ արձագանք Հայաստանի կառավարությունից: Եթե մենք չունենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր, նշանակում է չունենք նաեւ խաղաղություն: Չկա խաղաղություն ոչ միայն երկու երկրների միջեւ, այլ նաեւ ամբողջ Հարավային Կովկասում: Մեզ խաղաղություն է անհրաժեշտ եւ կայուն զարգացում, կանխատեսում, պատերազմի զրոյական ռիսկ, մեզ պատերազմ պետք չէ: Մեզ նախկինում եւս պատերազմ պետք չէր»,-ընդգծել է Ալիեւը:

Նախագահը նաեւ հույս է հայտնել, որ ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն այդ հարցը Հայաստանի ղեկավարության հետ Երեւան կատարվելիք նրանց հաջորդող այցի ժամանակ:

«Որքանով ես հասկանում եմ, ձեր այցը տարածաշրջան նվիրված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետկոնֆլիկտային իրավիճակին: Այլ խոսքով՝ հետպատերազմական իրավիճակը կարեւոր է, քանի որ ես կարծում եմ, որ այս տարի եւ հաջորդ տարի կմշակվեն հիմնարար մոտեցումները հետպատերազմական իրավիճակի շուրջ: Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է ու պարզ»,-ասել է Ալիեւը:

Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն պատասխանել է, որ տարածաշրջանում ԵՄ երեք երկրների արտաքին գործերի նախարարների այցի նպատակն է «վճռորոշ ուղերձ հղել տարածաշրջանի կայունության ու անվտանգության ապահովման հարցում աջակցության մասին, ինչպես նաեւ մտածել, թե ինչպես է հնարավոր աջակցություն ցուցաբերել հետպատերազմական շրջանում ծառացած բոլոր խնդիրների համապարփակ լուծման համար»:

Նա հայտարարել է, որ ԵՄ-ն շահագրգռված է շատ ավելի սերտ համագործակցություն հաստատել տարածաշրջանի հետ, մասնակցել հակամարտությունների կարգավորման հարցում, իսկ ղարաբաղյան հակամարտության դեպքում ակտիվացնել ջանքերը հետպատերազմական ընթացքում զարգացման գործընթացներում ներգրավվելու համար: