ՀՀ–ում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ

ա

Նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսած ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է և վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի, բայց պայմանները և միջավայրն այսօր էականորեն փոխված են, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր Կառավարությանը տվել է մանդատ երկրում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա, ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն։ Այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ միջազգային դիտորդների գնահատմամբ եղել են օրինական ընտրություններ, որոնք համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին։ Փաշինյանը նկատեց, որ դիտորդներն արձանագրել են, և իրենք դա գիտեն, որ, այո, այս քարոզչության ընթացքում կիրառվել է որոշակի ագրեսիվ հռետորաբանություն։

«Ես առաջարկում եմ  բոլոր քաղաքական ուժերին՝ սկսել մի պարզ կետից, վերջ դնել հայհոյախոսությանը։ Եվ առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին, կողմնակիցներին եմ կոչ անում, որ վերջ դնենք հայհոյախոսությանը, քանի որ Հայաստանի և Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում և մենք այդ էջը պետք է սկսենք հանրային և ազգային ներուժի համախմբմամբ»,– ասաց նա և կոչ արեց վերջ տալ անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետև մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք։

«Երկրորդ առաջարկն եմ անում քաղաքական, հանրային կյանքի ձեզ հայտնի մասնակիցներին, դուք գիտեք, որ ժողովրդից գողացվածի վերադարձը մեր հրատապ օրակարգն է միշտ եղել նախորդ երեք տարիների ընթացքում։ Մենք ոչ մեկից ոչ մի բան չենք խլել, չնայած կարող էինք, մենք ցանկացել ենք, որ երկրում գործեն ինստիտուտներ։ Այսօր արդեն ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը գործարկված է, բայց ես ուզում եմ առաջարկել բոլոր այդօրինակ մարդկանց և հիշեցնել, որ մեր օրենսդրական փոփոխության արդյունքում, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, կարող են բանակցել պետության հետ գողացվածը ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ, և ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց այսօրվանից չկորցնել հնարավորությունը և չհասնել նրան, որ պետական թափանիվներն սկսեն գործել։ Կոչ եմ անում անհապաղ սկսել բանակցություններ՝ գողացվածը վերադարձնելու վերաբերյալ»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վաղը առավոտից քաղաքական խորհրդակցություններ են սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն։ «Ես նաև հույս ունեմ, որ ժողովուրդը այս մանդատը տալիս է ինձ, որովհետև մենք, այո՛, պետք է գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես լավագույն ներուժի համախմբմանը»,– ասաց նա և երկխոսության կոչ արեց բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ այս ընթացքում բանավեճ և հակադրություն են ունեցել։

«Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը՝ ընդգծելով, որ դա չի կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունը գործադրելու պողպատե մանդատը։ Հոգևոր և կազմակերպչական երկխոսության կոչ եմ անում նաև մեր երկրի հոգևոր առաջնորդներին, որովհետև հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ խորհրդարանական ընտրություններում, որովհետև ձայն բազմաց, ձայն Աստծո, և աստծո ձայնին առավելևս որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի»,– ասաց նա և նշեց, որ մենք պետք է նորոգենք մեր երկրի հոգևոր կյանքը նույնպես։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը եղել է և կա Արցախի ժողովրդի կողքին։ Ըստ նրա՝ հետընտրական պրոցես չկա և չի լինելու։

Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանին հանձնեցին պողպատե մանդատ։ «Այս մանդատի մեջ մուրճ էլ կա, սուր էլ կա, բահ էլ կա, այս մանդատի մեջ կա այն ամենը ինչ անհրաժեշտ է ազատ, երջանիկ, հզոր Հայաստան կառուցելու համար»,–ասաց նա։