ՀՀ քաղաքացիները կողմ են արտահայտվել Ռուսաստանի հետ համագործակցության խորացմանը. Վոդոլացկի

Մանրամասներ

ա

Հայաստանի քաղաքացիները, որոնք քվեարկել են խորհրդարանական ընտրություններում, կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ համագործակցության խորացմանը, հակառուսական ուժերը նույնիսկ 1% ձայն չեն հավաքել: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ընտրություններում դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Վիկտոր Վոդոլացկին:

Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանում «երեկ ընտրությունների ժամանակ` մինչև ճաշի ժամը, մասնակցության մեծ հայտ է գրանցվել, հերթեր են գոյացել բոլոր ընտրատեղամասերում», խանգարում էր միայն շոգը:

Խորհրդարանականի կարծիքով` ընտրողների համար գլխավոր հարցերից մեկը եղել է «Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը, առավել խոր ինտեգրումը Ռուսաստանի հետ և' սոցիալ-տնտեսական, և' քաղաքական առումով»: Ինչպես նա նշել է, խոսքն այդ թվում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկողների մասին է:

Վոդոլացկին մատնանշել է, որ պարտված կուսակցությունները «պետք է իրենց համար շատ դժվար որոշում կայացնեն և նստեն բանակցությունների սեղանի շուրջ»:

«Քաղաքացիական հասարակությունն այսօր բաժանված է, սակայն նրանց բոլորին միավորում է Ռուսաստանի հետ աշխատելու ցանկությունը: Այդ իսկ պատճառով պետք է նստել բանակցային սեղանի շուրջ, մարդկանց փողոց դուրս չբերել, բախումներ չհրահրել, այլ նստել և պայմանավորվել հանուն Հայաստանի»,- ասել է Վոդոլացկին` ընդգծելով, որ երկիրն աշխատատեղերի թվի ավելացման կարիք ունի:

«Այն կուսակցությունները, որոնք ուժեղ հակառուսական հռետորաբանություն էին վարում, չեն հավաքել ձայների անգամ մեկ տոկոսը: Նման կուսակցություններ եղել են: Դրանք աշխատում են Պետդեպի հրահանգով, ֆինանսավորվում են այնտեղից և ԵՄ-ի որոշ կուսակցություններից»,- եզրակացրել է Վոդոլացկին: