«Պատերազմ չի լինի». Ժիրինովսկին` Պուտինի և Բայդենի հանդիպման մասին

Մանրամասներ

1

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման կադրերը, նշել է, որ ամբողջ աշխարհում մարդիկ երկու նախագահների դեմքերը տեսնելով ՝ թեթևացած շունչ են քաշել. պատերազմ չի լինի: Այս մասին  գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այսօր ողջ մարդկության  շունչը կանգ էր առել երկու մեծ առաջնորդների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների ձեռքսեղմման պահին: Այս երկու մարդիկ իսկապես ղեկավարում են աշխարհը: Եվ այսօր, տեսնելով նրանց դեմքերը, մարդիկ ամբողջ աշխարհում հանգիստ շունչ են քաշել. պատերազմ չի լինի»,-գրել է  քաղաքական գործիչը իր տելեգրամյան ալիքում:

Նրա խոսքերով` նախագահները կապահովեն մոլորակի բնականոն զարգացումը և «միմյանց կընդառաջեն այն հարցերի շուրջ, որոնց շուրջ տարբեր դիրքորոշումներ ունեն»:

«Կեցցե խաղաղությունն ու ժողովրդավարությունը: Թող Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները բարգավաճեն»,- եզրափակել է իր հաղորդագրությունը Ժիրինովսկին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ժնևի Վիլա Լա Գրանժ վիլլայում սկսվել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի ընդլայնված ձևաչափով բանակցությունների առաջին մասը: Ընդհանուր առմամբ, բանակցությունների համար 5 ժամ է նախատեսված: