Այսօր հիմնական խնդիրներն ԱՄՆ-ի հետ կարգավորվել են․ Ռոհանի

Վիեննայում տեղի ունեցող բանակցությունները լավ ընթացք են ստանում

1

Վիեննայում իրանական միջուկային ծրագրի վերագործարկման շուրջ ընթացող բանակցություններում առաջընթաց է գրանցվում: Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` հավելելով, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներին առնչվող «հիմնական հարցերը» կարգավորվել են:

Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, նման հայտարարությամբ երկրի ղեկավարը հանդես է եկել չորեքշաբթի կառավարության նիստում ելույթ ունենալիս: Ռոհանին շեշտել է, որ Իրանի ժողովուրդը վարձահատույց է եղել իր համբերատարության համար, քանի որ «այսօր Վիեննայում տեղի ունեցող բանակցությունները լավ ընթացք են ստանում»:

Իրանի հաղթանակը պայմանավորելով ժողովրդի համբերատարությամբ, վարչակազմի խոհեմությամբ և Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի ուղղորդմամբ` Ռոհանին հայտարարել է, որ երկիրը ծանր գին է վճարել նման հաղթանակի համար:

«Այսօր հիմնական խնդիրներն ԱՄՆ-ի հետ կարգավորվել են»,- նշել է նախագահը` հավելելով, որ երկրի վարչակազմը երկու անգամ իրագործել է իր առաջ դրված խնդիրը`վերացնելու պատժամիջոցները` 2015 և 2021 թվականներին:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, հասել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության: Ընդունվել էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել էր Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:

Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: