Այն, որ Ալիևը Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան, դա Թուրքիայի ծրագիրն է ու թիրախը քրդերն են

Թուրքիան Կովկասում անում է այն, ինչն անում է Սիրիայում, ու դա պայմանավորված չէ Էրդողանի անձով

ա

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մենք Սյունիքի, ու առհասարակ Հայաստանի նշանակությունը Թուրքիայի համար վատ ենք հասկանում։

Կա խորքային համոզմունք, որ այսօրվա Հայաստանի եւ Թուրքիայի վատ հարաբերությունների պատճառը Ցեղասպանության խնդիրն է ու հայերի պահանջատիրությունը։ Եվ եթե մենք «պատմական հիշողության» հարցը ինչ-որ ձեւով լուծենք, ապա կարող ենք բարիդրացիական հարաբերություններ ստեղծել։

Իրականում հիմնական խնդիրը ոչ Ցեղասպանությունն է, ոչ էլ Արցախի խնդիրը։ Եթե այդ երկուսն էլ չլինեին, մեկ է, Հայաստան զուտ գոյությունը լուրջ մարտահրավեր է Թուրքիայի համար ու դա մեզանով չի պայմանավորված։

Թուրքիայի համար կա մեկ էքզիստենցիալ’ գոյաբանական խնդիր, որով պայմանավորված է Թուրքիայի գոյությունն այնպիսին, ինչպիսին որ կա’ դա քրդական հարցն է։ Քրդերը քանակապես աճում են, ի տարբերություն էթնիկ թուրքերի, ինչպես նաեւ նրանց բնակեցման տարածքներն են աճում։

Պայմանական Քրդստանն ըստ թուրքերի չպետք է արտաքին սահմաններ ունենա, այսինքն պետք է շրջափակված լինի թյուրքական «ծովով», իսկ Թուրքիան իսլամով պետք է ձուլի քրդերին’ որքանով որ հնարավոր է, ինչպես Իրանն է շիաականությամբ ինտեգրում իր ադրբեջանցիներին։ Հասկանալի է, որ Թուրքիայի արեւելյան հարեւանը պետք է Ադրբեջանը լինի, այլ ոչ թե Հայաստանը։ Այն, որ Ալիեւը Հայաստանն անվանում է Արեւմտյան Ադրբեջան, դա Թուրքիայի ծրագիրն է ու թիրախը քրդերն են։

Թուրքիան այնպիսին, ինչպիսին կա, դատապարտված է կայսրական հակումներ ունենալ, այլապես կվերածվի Մարմարա ծովի շուրջը ամփոփված երկրորդական մի պետության։

Սա է Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական բովանդակությունը։

Թուրքիան Կովկասում անում է այն, ինչն անում է Սիրիայում ու դա պայմանավորված չէ Էրդողանի անձով»։