Թուրքերը ծաղիկ ու սինդրիկ քաղելով հասան Իշխանաձոր․ Որտե՞ղ էր «նրա զորքը»

Սյունիքն ապահով է, քանի որ ինքը մինչեւ հիմա «իր զորքը» չի իջեցրել այնտեղից

1

Օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին, թե ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Սյունիքի համայնքապետերի ներկայությամբ հեռախոսով զայրացել ու գոռգոռացել է ԳՇ պետ Արտակ Դավթյանի ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի վրա՝ հարցնելով, թե ոնց է հակառակորդը եկել հասել Իշխանասար: Եղե՞լ է նման դեպք, թե՞ սա հենց Միքայելյանի կողմից ինֆորմացիոն դաշտ նետված լուր է՝ դժվար է ասել։ Բայց եթե անգամ եղել է, ապա կարելի է ենթադրել, որ Սասուն Միքայելյանն արդեն իշխանափոխության հոտ է առել ու սկսում է իրեն «մաքրագործել»:

Չենք անդրադառնա նրա հնչեցրած աղմկահարույց հայտարարություններին, բայց հիշեցնենք, որ Միքայելյանը լռում էր, երբ Փաշինյանը քանդեց բանակը, Սասունը լռում էր, երբ երիտիշխանավորները քաղաքական հալածանքներ էին սկսել իր երբեմնի մարտական ընկերների՝ բանակի կարկառուն դեմքերի նկատմամբ՝ դրանով թուլացնելով բանակը: Նա լռում էր, երբ Փաշինյանն ու իշխանությունը, իմանալով մոտալուտ պատերազմի մասին, ոչ մի ռազմական նախապատրաստություն չէին տեսնում, լռում էր, երբ 44 օր իշխանությունը խաբում էր հասարակությանը՝ «հաղթելու ենք» սուտ-լավատեսական հայտարարություններով, լռում էր, երբ իր աչքի առաջ պատերազմն ընթանում էր բացարձակ անկազմակերպ ու փնթի: Նա լռեց, երբ Փաշինյանը ստորագրեց Արցախի կապիտուլյացիայի հայտարարությունը, դեռ մի բան էլ՝ արդարացնում էր այն:

Այսօրվա իրադարձությունների մասին խոսելու փոխարեն նա շարունակում էր քարկոծել նախորդ իշխանություններին՝ ասելով, թե նրանք բանակ չեն ստեղծել, երկիրը չեն զարգացրել եւ այլն: Միքայելյանն այն ուրացողների մեջ է, որոնք նախորդ իշխանությունների օրոք լավ են ապրել, պաշտոնական շրջանակների հետ լավ հարաբերություններ են ունեցել, նրանց շնորհիվ օգտվել են կյանքի եւ իշխանության բարիքներից, պարզապես եկավ մի ընթացք, որ սխալվեց ու շտապեց՝ կանգնելով ընդդիմադիր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին եւ ակամայից դարձավ ընդդիմադիր գործիչ ու քաղաքական հալածյալ, ում դավաճանությունը Սերժ Սարգսյանը չներեց:

Սասուն Միքայելյանի լռությունը հատկապես անհասկանալի եւ աններելի է, քանզի նա, լինելով ԵԿՄ նախագահ, պետք է գոռար, ձեռքը խփեր սեղանին ու բացատրություն պահանջեր Փաշինյանից եւ այսօրվա ռազմական իշխանությունից: Իսկ օրերս, երբ ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջ են եկել եւ դիրքավորվել Սյունիքի Իշխանասարում, Միքայելյանն ԱԺ-ում հայտարարեց․ «Էսօր իրենց հնարավորություն է ստեղծվել, եկել ընդամենը նստել են»: Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մի քանի համայնքապետերի ներկայությամբ նա ջղայնացել է ԳՇ պետի ու Վաղարշակ Հարությունյանի վրա: Միքայելյանը կարող էր առանց այդ ցուցադրական ակցիայի եւ առանց ականատեսների էլ գնալ, մտնել նշված պաշտոնյաների աշխատասենյակներն ու բացատրություն պահանջել: Եվ ամենակարեւորը՝ նա առաջին հերթին պետք է բացատրություն պահանջի Նիկոլ Փաշինյանից, քանի որ վերջինս է այս մարդկանց նշանակել, եւ ամեն ինչի պատասխանատուն եւ մեղավորը գերագույն գլխավոր հրամանատարն է:

Եվ վերջապես, մինչ այս իրադարձությունները Սասուն Միքայելյանը վստահեցնում էր, որ Սյունիքն ապահով է, քանի որ ինքը մինչեւ հիմա «իր զորքը» չի իջեցրել այնտեղից: Թե ինչ զորքի մասին էր խոսում ԵԿՄ նախագահը, հասկանալի չէ: Հասկանալի չէ նաեւ, թե «նրա զորքն» ինչով էր զբաղված, երբ ադրբեջանցիներն իրենց համար զբոսնելով, ծաղիկ ու սինդրիկ քաղելով եւ սյունյաց բնաշխարհի գեղեցկությունը վայելելով, առանց դիմադրության կտրել-անցել են մոտ 5 կմ եւ հասել Իշխանասար: Որտե՞ղ էր «նրա զորքը»…