Ազերիները հայ հովիվներին զենքի սպառնալիքով պահանջել են անմիջապես լքել արոտավայրերի տարածքները

Մանրամասներ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Վերին Շորժա գյուղ, գյուղին հարակից արոտավայրեր (սարատեղի), որտեղ ադրբեջանական զինվորականներն բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ անօրինական առաջ են եկել դեպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել տարածքում անասնապահությամբ զբաղվող մարդկանց հետ: Մի քանի հովիվներ Պաշտպանին տեղեկացրել են, որ մայիսի 12-ին և 13-ին կենդանիներին արածացնելու ժամանակ նկատել են ադրբեջանական զինվորականների, որոնք զենքի ցուցադրումով հանցավոր սպառնալիքով պահանջել են անմիջապես լքել արոտավայրերի տարածքները:

Փաստահավաք աշխատանքների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մարդիկ այս պահին փաստացի չեն կարողանում օգտագործել արոտավայրերը` այդ տարածքներում ադրբեջանական զինվորականների անմիջական ներկայության պատճառով: Հնարավոր չէ օգտագործել նաև այն արոտավայրերը, որոնք ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ են: Արոտավայրերը ՀՀ իրավասու մարմինների օրինական թույլտվությամբ հատկացված են մարդկանց:

Մարդիկ տեղում ահազանգեր են ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն իրենց արոտավայրերի հարևանությամբ վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել սարատեղիների անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը:

Փաստահավաք աշխատանքներին ներկա էր նաև ՀՀ ջրային կոմիտեի նախագահը, ով հավաստեց, որ օրը 2 անգամ նմուշառում է արվում ու այս պահի դրությամբ ջրի բաղադրության խնդիր չի արձանագրվել:

Փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային կազմակերպություններին:

Այցի ընթացքում համագործակցության կարևոր հարցեր են քննարկվել Գեղարքունիքի մարզպետի, Վարդենիս համայնքի ղեկավարի, ինչպես նաև Ջրային կոմիտեի ղեկավարի հետ` կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության հետ: