Ձևական դիմել են ՀԱՊԿ–ին՝ ցույց տալու համար, թե ամեն ինչ անում են, սակայն նպատակը Հայաստանին թուլացնելն է

Ալիևը ծաղրում է երկրի ղեկավարին, ծաղրող մարդը լուրջ կվերաբերի՞ տվյալ պետության պահանջներին
Live24.am-ը ներկայացնում է

1

Միջազգային կառույցներին դիմելը և այս խնդիրը միջազգայնացնելը բնականաբար ունի տրամաբանություն, բայց ամբողջ խնդիրն այն է, որ երբ միջազգային հանրությունը տեսնում է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի ձեռնարկում և ամբողջությամբ խնդիրը տեղափոխում է միջազգային տիրույթ, դա նշանակում է, որ իրենք ուղղակի հայտարարություններից բացի և հանդարտության և քաղաքական ճանապարհով խնդիրները լուծելու կոչերից այլ բան չեն նախաձեռնելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում սահմանային իրավիճակին և այդ կապակցությամբ Հայաստանի կողմից ՀԱՊԿ–ին դիմելուն։

«Մեր ամենամեծ պրոբլեմը Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, իշխանություններն են՝ կապիտուլացված իշխանությունները, մենք ուրիշ խնդիր չենք ունենա, եթե սրանք չլինեն իշխանության, սա այսօրվա բանաձևն է»,–ասաց նա։

Արտակ Զաքարյանն ասաց, որ ոչ մեկ չի ասում, թե ինչու են դիմել, դիմելը դա իրենց քաղաքական որոշումն է և կա դրա մեջ տրամաբանություն։ «Բայց երբ քո իշխանությունը սնանկ է, դատարկ և կիսագրագետ, կապիտուլացված իշխանություններին որևէ մեկը իրական օգնության չի գալիս։ Քաղաքական հայտարարություններ արվում են՝ ԵԱՀԿ–ի անունից, ՀԱՊԿ–ի անունից, Մինսկի խումբը հայտարարություններ կանի, բայց արդյո՞ք դա Ադրբեջանին հետաքրքրում է։ Ադրբեջանը միայն ծաղրանքով և հեգնանքով է վերաբերվում Հայաստանի այսօրվա կապիտուլյանտներին»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, թե ՀԱՊԿ կանոնադրության 2-րդ հոդվածով (սպառնալիքի առկայությունը) են դիմել այդ կառույցին, Արտակ Զաքարյանն ասաց, որ իրավիճակն այդպես են գնահատել, բայց տվյալ պարագայում էական չէ, թե ինչ հոդվածով են դիմել, փաստը կայանում է նրանում, որ դիմել են և կա որոշումների կայացման ընթացակարգեր։

«Ըստ էության կատարվել է սահմանի հատում, որը հանցագործություն է, սադրանք, տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն։ Օտար մարդիկ զենքով ներխուժել են պետության տարածք և չեն ուզում հեռանալ, համարում են իրենցը, այսինքն՝ սա սպառնալիք է և, ըստ էության, նաև նոր ռազմական էսկալացիա է սկսելու»,– ասաց նա և նշեց, թե հասկանալի էր, որ սա տեղի է ունենալու և պարբերաբար նշել են, որ Սյունիքին վտանգ է սպառնում։

Դիտարկմանը, թե փաստն այն է, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ–ին, ՀԱՊԿ–ն ե՞րբ է պարտավոր պատասխանել, Արտակ Զաքարյանը նշեց՝ անմիջապես։ «Բայց կապիտուլյանտին ո՞վ պետք է պաշտպանի, եթե տեսնի, որ այնքան թույլ ես, որ քո մի քանի կիլոմետրանոց սահմանը չես կարողանում պահել։ Հայտարարություններ կանեն, կոչ կանեն, կքննադատեն Ադրբեջանին, բայց եթե Ալիևը ծաղրում է ձեր երկրի ղեկավարին, ծաղրող մարդը լուրջ կվերաբերի՞ տվյալ պետության պահանջներին»,–ասաց նա։

Հարցին, այդ դեպքում ՀԱՊԿ–ն ինչի համար է, ինչո՞ւ ենք անդամ այդ պայմանագրին, չէ՞ որ ՀԱՊԿ–ն պետք է իր պարտավորությունները կատարի,  նախկին փոխնախարարը պատասխանեց․«Այդ դեպքում դուք ի՞նչ եք ակնկալում, որ դուք Նիկոլին պահեք, իսկ ՀԱՊԿ–ն գա ձեր անվտանգությունը պահի՞։ ՀԱՊԿ–ն իր պարտավորությունները կատարում է այն պետության նկատմամբ, որն ուզում է իր անվտանգությունը պահել, ոչ թե պետությունը շարունակում է ղեկավարել մի մարդ, ում կասկածում են դավաճանության մեջ։ ՀԱՊԿ–ն, հայտարարություններից բացի, կարծում եմ՝ այլ բան չի անելու տվյալ իրավիճակում»։

Ի պատասխան հարցի, թե անկախ նրանից, թե ովքեր են Հայաստանի իշխանությունները, ինչպես կարող են ՀԱՊԿ–ի քայլերն արդյունք չտալ, Արտակ Զաքարյանն ասաց, որ քաղաքական հայտարարություն անելը ևս ՀԱՊԿ–ի կողմից մոտեցում է։ «Եթե դուք ուզում եք բելառուս զինվորը, կամ տաջիկ զինվորները գան ադրբեջանիցներին Սև լճից տարածքից հանեն,  սա ուրիշ պատմություն է։ Այդ դեպքում հայտարարեք, որ Հայաստանը ձախողված պետություն է և ի վիճակի չէ իրեն պաշտպանելու և ստիպված պետք է Տաջիկստանի, Բելառուսի և Ռուսաստանի զորքերը գան»,––ասաց նա։

Արտակ Զաքարյանը նաև նշեց, որ ՀԱՊԿ–ն պարտավոր է անդամ երկրների տարածքային ամբողջականության և պետությունների տարածքում խաղաղության և կայուն զարգացման խնդիրները կարգավորել, պաշտպանել իր անդամ երկրներին, իր կանոնադրական դրույթներից մեկն է դա, որի համար ձևավորվել է ՀԱՊԿ–ն։ «Երբ որ գնահատեն, որ իրավիճակը ռազմական վտանգ է ենթադրում, էսկալացիա է, քաղաքական մեխանիզմներով կփորձեն դա թույլ չտալ, բայց եթե ոչ անդամ պետությունը, հարևան պետությունն ունի բավարար ուժ՝ ուժի միջոցով այդ խնդիրը լուծելու այդ դեպքում կախված իրավիճակից կարծում եմ, որ ՀԱՊԿ–ն համապատասխան արձագանքները կանի, բայց սկզբնական փուլում ընդամենը հայտարարություններ կանի և կփորձի քաղաքական խողովակներով լուծումներ գտնել»,– ասաց նա և նշեց, որ ձևական դիմել են ՀԱՊԿ–ին՝ ցույց տալու համար, թե ամեն ինչ անում են, սակայն այս իշխանությունների նպատակը Հայաստանին թուլացնելն է։

Ըստ նրա՝ մենք վաղուց պետք է ձերբակալած լինեինք սահմանախախտներին՝ ընդ որում ՀՀ–ի օրենսդրության համաձայն։ Չեն արել դա, որովհետև այս իշխանությունները դավաճան են և անգրագրետ, և նախապես պետք է իմանային, որ նման սադրանքներ են լինելու։ «Սահմանախախտին ձերբակալում են, ՀՀ պատմության մեջ բազմաթիվ նման դեպքեր են եղել»,–ասաց նա։