Ղարաբաղում սահմանների հետ կապված խնդիրները լուծելի են. Լավրովը՝ Ալիևի հետ հանդիպմանը

Այժմ մենք պետք է զբաղվենք «ցամաքի» մանրամասներով
Live24.am-ը ներկայացնում է

1

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ չնայած բարդությանը՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված խնդիրները լուծելի են, գրում է «Ռեգնում»-ը:

«Այժմ մենք պետք է զբաղվենք «ցամաքի» մանրամասներով: Կան սահմանազատումներ (դեմարկացիա) և սահմանագծումներ (դելիմիտացիա): Ամեն ինչ պարզ չէ, բայց, մեր համոզմամբ, ամեն ինչ լուծելի է: Ռազմական փորձագետները դիվանագետների մասնակցությամբ կարող են համաձայնության գալ փոխընդունելի լուծումների շուրջ»,- շեշտել է Լավրովը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ մեկնել է Բաքու, որտեղ երկօրյա այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս առնչությամբ շեշտել էր, որ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում նախատեսվում է դիտարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Հիշեցնենք, մայիսի 5-6-ը Սերգեյ Լավրովը Երևանում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: