Դատավոր Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա Վարդազարյանի վերաբերյալ քրգործի շրջանակներում

Մանրամասներ

ա

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով։ Այս մասին Live24.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է ձայնագրություն, ըստ որի՝ ենթադրաբար Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռախոսազրույցում պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն իբրեւ ցուցումներ տալիս՝ քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագի» գործով՝ վերջինիս ազատ արձակել։

Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։  Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Անդրանիկ Սիմոնյանի եւ Վարդազարյանի միջեւ առերես հարցաքննություն է եղել, նա փորձել է պնդել իր ցուցմունքը։