«Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք»

Մենք երբեմն մեզ տեսնում ենք այնպիսի իրավիճակներում, այնպիսի արարքներ գործելիս, որոնց պատճառն ու շարժառիթը ինքներս էլ չենք հասկանում
Live24.am-ը ներկայացնում է

ա

«… և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ։ Եթե մեկը ավերի Աստծու տաճարը, Աստված էլ նրան կորստյան կմատնի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք» (Ա Կորնթացիներ 3:16-17)

Մենք երբեմն մեզ տեսնում ենք այնպիսի իրավիճակներում, այնպիսի արարքներ գործելիս, որոնց պատճառն ու շարժառիթը ինքներս էլ չենք հասկանում: Ինչո՞ւ վիրավորեցի որևէ մեկին, ինչո՞ւ ասացի մի բան, որը վիրավորական եղավ իմ ընկերոջ, բարեկամի համար, ինչո՞ւ նեղացրի: Նման դեպքերում մենք պարզապես ընկել ենք մոլորության մեջ, կորցրել Աստծուն ու մեր ճշմարիտ ուղին: Ինչպե՞ս վարվել:

Մեր անդադար աղոթքները, այո՛, զորավոր են, երբ սրտից են բխում, սակայն մի՞թե կարող է ճշմարիտ աղոթք ու խնդրանք, դարձի գալու ցանկություն լինել, երբ չունենք գիտակցումը, թե մենք էլ Աստծո տաճար ենք:

Ինչպե՞ս ենք մեզ պահում տաճարում:

Նախ ամենայն զգուշությամբ, ապա խոնարհությամբ ու երկյուղով: Սրբությամբ ենք վերաբերվում տաճարին, չէ՞ որ Աստծո տանն ենք գտնվում: Այնտեղ չենք վիրավորում մեկս մյուսին, չենք ստում, սուտ չենք երդվում, չենք բղավում, զայրանում, այլ միայն գոհություն ենք հայտնում, ներում հայցում ու աղոթում մեր ցանկությունների համար: 

Սակայն մի պահ խորհենք, թե ինչու է ստացվում այնպես, որ ֆիզիկական տաճարից հեռանալով՝ այլևս չենք ցուցաբերում նույն զգուշությունը: Ինչո՞ւ չենք զգում, որ ոչ թե մենք ենք տաճարում, այլ տաճարն է մշտապես գտնվում մեր սրտերում: Որ մենք էլ մի տաճար ենք ու պիտի փորձենք պահպանել մեր հոգիները՝ տաճարը պահպանելու համար: Չէ՞ որ Սուրբ Գրքում այս մասին ասված է. «Եթե մեկը ավերի Աստծու տաճարը, Աստված էլ նրան կորստյան կմատնի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք» (Ա Կորնթացիներ 3.17):

Աստծու հոգին, ինչպես Աստվածաշնչում է ասված, բնակվում է մեր մեջ: Հեռու պահենք մեր սրտերը չար մտքերից ու արատներից, մեր հոգիները՝ զանազան մոլորություններից, որպեսզի հենց դրանով արժանանանք մեծագույն շնորհին՝ Աստծո՝ մեր հոգում բնակվելուն:

qahana.am