Մենք խամաճիկ ենք աշխարհի հզորագույն պետությունների ձեռքում․ Արթուր Դանիելյան․ VIDEO

Դաշնակից ունենալու համար նախ դու ինքդ պետք է պետություն լինես

ՀՀ-ն վերջին երեսուն տարում անտեսել է քրտինք և արյուն թափելու անհրաժեշտությունը, հետևաբար՝ մեզ չի հաջողվել պետություն ստեղծել. մենք աշխարհի հզորագույն պետությունների ձեռքում դարձել ենք խամաճիկ, բայց խնդիրը մեր մեջ է, դաշնակից ունենալու համար նախ դու ինքդ պետք է պետություն լինես, որի հետ կփորձեն հավասարազոր երկկողմ հարաբերությունների մեջ մտնել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:

«Հիմա դժվար է ասել՝ արդյոք իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը կկարողանա՞ն իրար հետ հավաքել ավելի շատ ձայն, քան Նիկոլ Փաշինյանը, բայց կարծես այս ընտրությունների արդյունքները կանխորոշված են: Վերջին երկու տարում ակնհայտ դարձավ, որ ցավալի ճշգրտությամբ կանխատեսելով իրադարձությունների հունը՝ չկարողացանք դրա դեմն առնել, հետևաբար՝ մենք պետք է շատ ավելի հզոր հաշվարկային մեխանիզմներ կիրառենք, քանի որ այդ իրադարձություններն արդեն տեղի են ունեցել»,- ասել է ընդդիմադիր գործիչը:

Ըստ Դանիելյանի՝ հայ ժողովուրդը, ցավոք, չհասկացավ, որ Արցախը կորսված էր տարիներ առաջ, և դրա դեմ պայքարը պետք էր այլ հունով տանել. «2018-ը չէր կարող ֆինանսապես տեղի ունենալ, եթե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը չկառուցվեր, իսկ այն սկսեց կառուցվել Վազգեն Սարգսյանի սպանությունից ընդամենը մեկ շաբաթ անց: Դրանով տարածաշրջանի ֆինանսական բալանսը խախտվեց, Ադրբեջանի ռազմական բյուջեն տասնապատիկ մեծացավ: Ծրագիրը դեռևս չի ավարտվել, Նիկոլ Փաշինյանն անելիքներ ունի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ դեռևս խաղաղության պայմանագրեր կնքված չեն»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ միջազգային հանրության նպատակն է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, ինչի հետևանքով կորսվելու է նաև Հյուսիսային Կովկասը. «Լավրովն այսօր բացառեց Արցախի կարգավիճակի հայանպաստ հանգուցալուծումը: Ի տարբերություն ՌԴ ԱԳՆ-ի՝ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարող չհասկանալ սրա վտանգները: ՌԴ քաղաքական էլիտան միատարր չէ: Մեր տարածաշրջանում իրավիճակն այնքան արագ է զարգանում, որ մինչև ընտրությունները գերտերությունների որոշումն ամեն պահի կարող է փոխվել: Մենք չափից դուրս խոցելի ենք արտաքին քաղաքական գործընթացների համար, պատնեշներ չունենք»:

Ընդդիմադիր կուսակցապետի պնդմամբ՝ մեր պարտված բանակն այն նույն բանակն է, որը հաղթել էր 2016-ին, միակ տարբերությունը գերագույն գլխավոր հրամանատարն էր: «Մենք չունեցանք պետություն, քանի որ չունենք սեփական ուժային կառույցներ, դրա պատճառն էլ հայկական գործակալական ցանցի բացակայությունն է: Բոլորիս իղձն է ազգային պետություն ստեղծելը:

Մեր պետությունը պետք է գծի համապատասխան պատնեշներ, քիչ է միայն սփյուռքահայերին քվեարկության իրավունքից զրկելը: Հիմնական պատասխանատվությունը եկեղեցու վրա է, այն մեր ազգի հենասյունն է, պետք է դառնա նաև պետության հենասյունը: Մեր Սահմանադրությունը պետք է ոչ թե ֆրանսիականի, այլ Ավետարանի մոդելով մշակվեր»,- ամփոփել է «Ադեկվադ» միաբանության ղեկավարը: