Բոլոր պետական սոցծառայությունները` մեկ հարթակում. գործարկվել է socservice.am հարթակը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է հարթակ, որտեղ ներառել է բոլոր պետական սոցիալական ծառայությունները: Նոր գործարկված socservice.am կայքում այցելուները կարող են գտնել սոցիալական ծառայությունների հետ կապված ցանկացած տեղեկություն, առցանց նամակ գրել, դիմում ներկայացնել և այլն:

Սոցիալական ապահովություն, աշխատանք և զբաղվածություն, բժշկասոցիալական փորձաքննություն, սոցիալական աջակցություն. այս բոլոր ուղղություններով ծառայությունների հետ կապված ամբողջ տեղեկությունը, մանրամասները հնարավոր է ստանալ մեկ պատուհանի սկզբունքով, մեկ տեղից:

«Ներկայում յուրաքանչյուր կառույց, օրինակ` բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության ծառայությունն ու մյուսներն առանձին իրենց պաշտոնական կայքերն ունեն: Մեր քաղաքացիները յուրաքանչյուր ծառայության հետ կապված մանրամասներին ծանոթանալու, առցանց դիմում գրելու կամ այլ գործողությունների համար այցելում են կոնկրետ այդ ծառայության կայք: Հիմա այդ բոլորը միավորվել են մեկ տեղում: Մեկ կայք այցելելով՝ քաղաքացին կարող է ամբողջական տեղեկություն ստանալ բոլոր պետական ծառայությունների մասին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:

Նախարարի խոսնակը նշել է, որ տարբեր ծառայությունների պաշտոնական կայքերում համապատասխան գործառույթները դեռ շարունակելու են գործել, քանի որ այս ընթացքում տարբեր ծրագրերի հետ կապված հենց այդ կայքերն են շրջանառվել և քաղաքացիները սովոր են դրանց, այնտեղով են իրենց դիմումները լրացրել: Մի որոշ ժամանակ և՛ միասնական հարթակը կգործի, և՛ ծառայությունների կայքերը, մինչև բոլորը մեկ կայքում ինտեգրելու գործընթացն ամբողջացվի: Եթե գերատեսչությունների կայքերում նաև լինում են պաշտոնական գործընթացների մասին տեղեկություններ, ապա միասնական հարթակում տեղադրվելու են բացառապես ծառայությունների մասին պատմող նյութեր: Այսինքն՝ ինչ ծրագիր է, ինչ է իրենից ենթադրում, ինչպես դիմել, հարցերի դեպքում ում դիմել և այլն: Զառա Մանուչարյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի կայքի գործիքակազմը, կոճակներն ավելի պրակտիկ լինեն գործընթացն ավելի հեշտացնելու համար:

«Մեկ պատուհանի մոտեցումը հեշտացնում է քաղաքացիներին տրամադրվող ծառայություններից օգտվելու գործընթացը: Այսինքն՝ առանց գերատեսչությունից գերատեսչություն գնալու, հնարավոր է մեկ հարթակից ծանոթանալ ծառայություններին, դիմել օգտվել, ստանալ աջակցություն»,-ասել է նախարարի խոսնակը:

Հարթակում առանձին ներկայացված է «Պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին» բաժինը, որտեղ կան մանրամասներ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասնակիցներին, նրանց ընտանիքներին ու պատերազմի հետևանքով վիրավորում ստացած, զոհված, գերեվարված կամ անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքներին ՀՀ կառավարության կողմից տրամադրվող օժանդակության մասին: Հանգամանալից ներկայացված է նաև «Արցախցիներին և նրանց հյուրընկալողներին» բաժինը՝ ներառելով ՀՀ կառավարության աջակցման ծրագրերը:

«Աշխատանք փնտրողին», «Գործատուներին», «Ծրագրեր», «Թափուր աշխատատեղեր» ուղղությունները կարելի է գտնել «Աշխատանք և զբաղվածություն» բաժնում: Միասնական սոցիալական ծառայությունում թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններն էլ ներկայացված են «Աշխատանք մեզ մոտ» բաժնում, որտեղ արդեն թափուր աշխատատեղի մասին մի քանի հարյուր հայտարարություններ տեղադրված են:

Քաղաքացիները կայքում կարող են գտնել նաև իրենց տարածքը սպասարկող կենտրոնների տվյալները: