Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Մանրամասներ

ա

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին սույն քրեական գործը մասամբ կարճվել է։

Դատարանը, հիմք ընդունելով ՍԴ 300.1 հոդվածն անվավեր ու հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկտամամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր այդ մասով: Նրանք նույնպես ունեն արդարացվածի կարգավիճակ։ Մնացած մեղադրանքների մասով սույն գործով քննությունը շարունակվում է:

Այսօրվա դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ներկա չեն:

Դատական նիստի սկզբում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը դատարանի ասաց, որ եթե սկզբունքորեն պարտադիր է նախագահ Քոչարյանի ներկա գտնվելը դատական նիստին, ապա շատ կարճ ժամանակում ինքն այդ հարցը կլուծի ու կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը հարցի վերաբերյալ:

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հետաձգելու դատական նիստը, քանի որ իր պաշտպանյալը բացակայում է՝ պայմանավորված առողջական խնդիրներով, քանի որ մայիսի 1-ից նա գտնվում է ստացիոնար բուժման մեջ:

Բուժումը կարող է տևել 10-14 օր։

Դատախազները նույնպես նշեցին, որ ստացել են Արմեն Գևորգյանի պաշտպանի դիմումը և համարում են, որ նախկին փոխվարչապետի բացակայությունը դատական նիստին հարգելի է:

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակցի դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 11-ին, ժամը՝ 13:00-ին։