2015-ի աշնանն ու 2016-ի ձմռանը միջնորդները սկսել են պաշտպանել Ադրբեջանին․ «5+2»-ի հնարավորություն, ըստ էության, երբեք չի եղել

Մանրամասներ

Կանցնեն տարիներ, և կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը, և մենք կպարզենք, որ բանակցային բովանդակությունը փոխվել է 2015-ի աշնանը, 2016-ի ձմռանը։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիտարկմանը, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրել է իշխանությանը՝ բանակցային գործընթացը տապալելու համար։

«Երբ ներկայացվում էին Մադրիդյան սկզբունքների շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացները, բերվեց հիմնավորում, որ այն ապահովելու էր «5+2» ձևաչափով շրջանների վերադարձ՝ ԱՀ կարգավիճակի հստակեցման դիմաց»,-նշեց պատգամավորը։

«Կարո՞ղ է  պարզվել, որ 2015-ի աշնանն ու 2016-ի ձմռանը միջնորդները սկսել են պաշտպանել Ադրբեջանի սկզբունքները, և Մադրիդյան սկզբունքները իրականում միայն ցուցանակ էին, որի ներքո տեղի են ունեցել ուրիշ պրոցեսներ։ Եկեք խոստովանենք, որ «5+2»-ի հնարավորություն, ըստ էության, երբեք չի եղել, որովհետև դեռևս 2016-ին Սերժ Սարգսյանը խոսել է 7 շրջանների մասին։ Այն 2-ը բանակցային պաշարն էին, որ հետագայում, երբ պրոցեսն անցնի անդառնալիության կետը, տարբեր փուլերում կողմերի համար գործընթացը դարձվի ավել կամ պակաս գրավիչ»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ ժամանակին Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ ՄԽ միջնորդներին նամակ է գրել, որից տեղեկանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի, թե ինչքան ադրբեջանցի է համարվելու ԼՂ բնակիչ՝ «Մադրիդյան սկզբունքներով» նախատեսված հանրաքվեին։ «Այս փաստից մենք իմանում ենք, որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ։ ԼՂ բնակիչ լինելու համար պետք է բնակվել ԼՂ-ում։ ԼՂ՝ ազգությամբ ադրբեջանցի բնակիչները որտեղ պետք է բնակվեին։ Հուսով եմ՝ բոլորս հասկանում ենք այս հարցի պատասխանը»,-ասաց նա՝ ապա նշեց, թե բանակցությունների ընթացքում ցանկացած բան, որին համաձայն է եղել Հայաստանը, հաջորդ պահին Ադրբեջանը դրան այլևս համաձայն չէ, ուզում է ավելին։

Մանրամասները՝ տեսանյութում։