Մեր հայրենակիցները չարաշահել են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների հարգելը

Մոտիկից ճանաչելով վարչապետին, նրա աշխարհընկալմանն ու արժեհամակարգին, պետք է արձանագրեմ, որ ես հետընթաց չեմ նկատել

1

ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ իշխանության ռեյտինգը հեղափոխությունից հետո՝ 2019 թ-ին  բարձացել է 0,03 կետով, իսկ այս տարվա արդյունքներով՝ իջել, բայց չի հասել նախահեղափոխական մակարդակին:

Անկում է սա․ չենք կարող չարձանագրել։ Ես երկու հիմնական պատճառ եմ տեսնում այդ հետընթացի՝ առաջին պատճառը, որը համընդհանուր է եղել աշխարհում, կորոնավիրուսով պայմանավորված մարդու իրավունքների սահմանափակումներն են, և երկրորդ գործոնը՝ մենք եղել ենք պատերազմի մեջ, և պատերազմը նույնպես հետընթացի համար ազդակ է»։

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իշխանական պատգամավորը չի նկատել իշխող ուժի ներկայացուցիչների, գործադիրի ղեկավարի կողմից ուղիղ հրահանգավորմամբ ճնշումների, ապա անդրադառնալով վերջին օրինակին՝ Սյունիքի հայտնի դեպքերին՝ խնդրեցինք գնահատել՝ արդյոք դրանք ժողովրդավարության կոպտագույն խախտումնե՞ր չեն։

«Բնականաբար, իմ կարծիքը պետք է սուբյեկտիվ լինի, որովհետև, ինչպես Դուք նշեցիք, ես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ հանդիսանում, բայց, այդուհանդերձ, մոտիկից ճանաչելով վարչապետին, բավականին ծանոթ լինելով նրա աշխարհընկալմանը, արժեհամակարգին, պետք է արձանագրեմ, որ ես հետընթաց չեմ նկատել, և նույնիսկ՝ այդ, իմ կարծիքով, չափից դուրս ժողովրդավարությունը, մարդու իրավունքների հարգելը, որոշ դեպքերում՝ մեր հայրենակիցները չարաշահել են»:

Վերջում Հովիկ Աղազարյանը խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանի հայտնի՝ «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու», «գելխեղդ լինելու» մասին արտահայտություններին անդրադառնալիս կենտրոնանալ դրանցում առկա ուղերձի վրա և ոչ թե՝ ձևի։

«Իհարկե, մենք չենք իջնում այն մակարդակի, որ աղավաղենք վարչապետի խոսքերը՝ գայլեր-գելխեղդներ, պատերին ծեփել, ասֆալտներին փռել. Այդ արտահայտությունները մենք, բնականաբար, չպետք է ուղիղ իմաստով հասկանանք, այլ պետք է հասկանանք ուղերձը»,- նկատեց պատգամավորը։