Եթե ընտրակեղծիքներ լինեն, ապա հենց գիշերվանից փողոցն է սկսելու ըմբոստությունը, և ընդդիմադիր ուժերը պետք է պատրաստ լինեն զարգացումներին

Այս պահի դրությամբ հնարավոր չէ, որ Նիկոլ Փաշինյանը, առանց բավականին լուրջ ընտրախախտումների, կարողանա 50+1 ձայն վերցնել
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարցազրությցում անդրադարձել է 2018 թվականի հայտնի իրադարձություններին, տեղի ունեցածի նպատակներին, հնարավոր պատճառներին։

Երրորդ նախագահի հարցազրույցը նախընտրական այս փուլում շատերի համար տհաճ անակնկալ էր, քանի որ բացվեցին փակագծեր, հնչեցին կոնկրետ անուններ ու ուղիղ մեղադրանքներ։

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նկատեց՝ վերջին երեք տարիների ընթացքում շատ հարցեր էին կուտակվել, և բացի Սերժ Սարգսյանից կամ իր մոտ շրջապատի մի քանի անձանցից՝ չկային այլ աղբյուրներ, որոնք կարող էին դրանց պատասխանները տալ, իսկ այս փուլում այդ պատասխանները պետք է հնչեին։

«Կարծում եմ՝ քանի որ պրոցեսը հասավ արտահերթ ընտրությունների, ընդ որում, ընտրությունների, որոնք ճակատագրական նշանակություն են ունենալու երկրի համար, և քանի որ արդեն իսկ սկսվել է նախընտրական շրջանը, այդ հարցերը պետք է իրենց պատասխանները ստանային, որովհետև մեկնարկ տալ նախընտրական պայքարի՝ տվյալ դեպքում՝ հանրապետականների, որոնք, ինչպես հայտնի է, դաշինքով են գնում «Հայրենիքի» հետ, առանց այդ հարցերին պատասխան տալու, առանց ստարտային լավ պայմաններ ֆիքսելու՝ այլևս անհնար էր»,- ասաց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ հարցազրույցում հնչած պատասխանները հաճախ ակնարկներ էին պարունակում, որոնք հարուստ բազա են ստեղծում մտածելու համար․

«Կային պատասխաններ, որոնք համոզիչ էին, կային պատասխաններ, որոնց դեպքում Սերժ Սարգսյանը՝ որպես փորձված գործիչ, սահմանափակվեց ակնարկներով, և կային պատասխաններ, որոնց միայն մի մասը նախընտրեց ասել ՀՀ երրորդ նախագահը՝ գուցե ճշմարտության մյուս մասը թողնելով, որպեսզի դրանց շուրջ շատ խոսվի (նախընտրական շրջանում դա բավականին լուրջ քարոզչական աշխատանք կարելի է դիտարկել)»։

Դիտարկմանը, թե շատ հարցերի պատասխաններ թեև տրվեցին, այդուհանդերձ, հասարակությունը բազմաշերտ է, և քաղաքացիներ կան, որոնք դեռևս պատրաստ չեն լսել պատասխաններ, մեկնաբանություններ, կամ գուցե ունակ չեն, Վիգեն Հակոբյանն արձագանքեց․

«Մենք ունենք հասարակության մի քանի շերտ․ կա մի շերտ, որն անվերապահորեն, անկախ ամեն ինչից՝ անկախ արարքներից, կառավարման արդյունքներից, Նիկոլ Փաշինյանին են ընտրելու։ Դա այն շերտն է, որի զգալի մասի համար էական չէ որևէ փաստարկ, բանական ինչ-որ գործոններ, պատճառաբանություններ։

Վերջինի ականատեսը եղանք նաև նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ժամանակ, երբ միասնական ընդդիմությունը երկար ժամանակ փորձում էր աշխատել այդ ընտրազանգվածի հետ․ իրենց հետ բարձր մատերիաներից էին խոսում և այլն, բայց որևէ լուրջ արձագանք իրենք չստացան։

Ես նոյեմբեր ամսի կեսերից միշտ շեշտում եմ՝ դա այն շերտն է, որի հետ անիմաստ է ժամանակ կորցնել, որովհետև այդ շերտն ավելի շատ առաջնորդվում է ոչ թե գաղափարներով, այլ գրեթե աղանդավորական ինչ-որ համոզմունքներով։ Այսինքն՝ իրենց մոտ կա փրկիչ, ինչ-որ իդեալ կերպար, որից այն կողմ՝ իրենք այսօր չեն կարող ակնկալել։

Ի դեպ, Հայաստանի պատմության մեջ մենք ունեինք բավականին պոպուլյար գործիչներ, որոնք իրենց կեսանգրությամբ շատ ավելի արժանի էին այդ համակրանքին, այդ ֆանատիկ նվիրվածությանը, քան այսօրվա վարչապետը»։

Քաղաքագետը վստահեցրեց՝ այդ շերտը, թեև դանդաղ, բայց մաշվելու է։ Խոսելով մյուս շերտերի մասին՝ նա մանրամասնեց, որ այսօրվա ընդդիմությունն ունի երկու շերտ՝ հստակ ընդդիմադիրներ և չկողմնորոշվածներ, արձանագրելով, որ տարբեր ուսումնասիրություններով չկողմնորոշվածների կամ պասիվ էլեկտորատի թիվը 40 տոկոսի շրջանակներում է։

«Արդեն վաղուց, օրինակ, լուրջ երկրներում տեխնոլոգիա է նաև, երբ սոցցանցերի միջոցով ուզում են հասկանալ՝ ինչ պահանջներ կան չկողմնորոշված էլեկտորատի մոտ, և պատասխանում են իրենց պահանջներին։ 2016 թ․ Թրամփի ընտրական քարոզչության հաջողության զգալի մասը նրանից էր, որ կար տեխնոլոգիա, որով գտնում էին այդ չկողմնորոշվածներին։ Դա ամենակարևոր հատվածն է, որի համար կարելի է պայքարել։

Մեզ մոտ, իհարկե, ինչպես կյանքը ցույց տվեց նոյեմբերից հետո, նաև քո ընտրազանգվածի հետ էլ պետք է կարողանաս աշխատել․ քաղաքացին տանը դժգոհում էր, ընդդիմադիր հեռուստաընկերություններով ամբողջ օրը միտինգների մեջ էր, բայց երբ իրեն ասում էիր՝ արի փողոց, չէր գալիս»,- հավելեց Վիգեն Հակոբյանը՝ այս համատեքստում կարևորելով սեփական ընտրազանգվածի և չկողմնորոշվածների հետ աշխատանքը և ընտրության օրը նրանց ընտրատեղամաս հասցնելը։

Հարցին, թե ներկայացված քաղաքական լուրջ միավորների առկայության պայամաններում հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրություն, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Կարծում եմ, եթե անհավանական մասշտաբի ընտրակեղծիքներ չլինեն, ընտրակեղծիքներ՝ բոլոր տեխնոլոգիաներով, և ոչ միայն՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ, ապա այս պահի դրությամբ, համենայն դեպս (այդպիսի պատկեր է ինձ երևում, երբ նաև ֆոկուս խմբերով ուսումնասիրություն ես անում), դեռևս չկա որևէ քաղաքական ուժ, որը միայնակ կարող է ձևավորել հաջորդ իշխանությունը։

Ես կարծում եմ՝ ամեն դեպքում, հաջորդ իշխանությունը լինելու է կոալիցիոն։ Այսինքն՝ խորհրդարան անցած ուժերը պետք է այս կամ այն առանցքի շուրջ պայմանավորվեն։ Այս առումով՝ այս պահի դրությամբ հնարավոր չէ, որ Նիկոլ Փաշինյանը, առանց բավականին լուրջ ընտրախախտումների, կարողանա 50+1 ձայն վերցնել․ ինքը կարող է վերցնել իր այն անդրդվելի էլեկտորատի ձայները, դա կարող է լինել նաև բավականին սոլիդ թիվ, բայց դա հեռու է լինելու, որպեսզի բավարար լինի միայնակ կառավարություն ձևավորել և վարչապետ վերընտրվել։

Ընդդիմությունը մի քանի շարասյունով է գնում՝ դաշինքներով և առանձին, և եթե իրենց հաջողվի սեփական ընդդիմադիր էլեկտորատի հետ աշխատել և չկողմնորոշվածներին էլ հետաքրքրել, ապա բավականին լավ շանսեր կարող են ունենալ։

Ստրատեգիական առումով բոլոր ընդդիմադիրների հիմնական նպատակն իշխանությունից զրկելն է Նիկոլ Փաշինյանին և իր այսօրվա քաղաքական թիմին, բայց տակտիկական առումով՝ փաստ է, որ տարբեր շարասյուներով են գնում»։

Ի դեպ, Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, եթե լուրջ ընտրախախտումների գնով գործող իշխանությունները փորձեն վերարտադրվել, ապա պետք է սպասել հետընտրական զարգացումների․

«Ստատիստիկա գոյություն ունի․ երբ դու հինգ տոկոս ես կեղծում, դա կարող է և աննկատ անցնել, բայց երբ դա հինգ տոկոսից ավելի է լինում, արդեն աննկատ չի անցնում, իսկ 20-25 տոկոս ընտրակեղծարարություն անելը՝ առանց լուրջ բախումների, արյունահեղության չի լինում։

Ես, իհարկե, նաև չեմ բացառում, որ Հայաստանում, նման սցենարի պարագայում, եթե իշխանությունը գնա բացահայտ ընտրախախտումների, ընտրակեղծիքների, կարող են լինել նաև հետընտրական զարգացումները։

Եթե քաղաքական ուժերը չընդունեն ընտրությունների արդյունքները, ապա գիշերվանից սկսած՝ փողոցն է սկսելու իր ըմբոստությունը հայտնել։ Ես համոզված եմ, որ քաղաքական ընդդիմադիր ուժերն իրենց հնարավոր սցենարներում պետք է նախատեսեն նաև հետընտրական զարգացումները»։