Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները պայմանավորվել են կոնֆլիկտը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով

Մանրամասներ

ա

Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովը եւ Էմոմալի Ռահմոնը պայմանավորվել են կոնֆլիկտը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, հաղորդում է Kabar-ը:

Նշվում է, որ կայացել է կառուցողական երկխոսություն բարիդրացիության ոգով՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման սկզբունքների վրա:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են ղրղզատաջիկական սահմանին իրավիճակի ապաէսկալացիային ուղղված միջոցները:

Ժապարովը նշել է, որ ղրղզական կողմը մտադիր է լուծել միջպետական հարցերը երկխոսության ճանապարհով:

Նա վստահեցրել է, որ փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի:

Կողմերը պայմանավորվել են նաեւ հանդիպել Դուշանբեում մայիսի երկրորդ կեսին:

Հիշեցնենք, որ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել էր ապրիլի 28-ին այն բանից հետո, երբ Տաջիկստանի քաղաքացիները սկսել էին տեսանկարահանող սարքեր տեղադրել Քոք-Թաշ գյուղում:

Արդյունքում վիճաբանություն էր սկսվել երկու երկրների բնակիչների միջեւ, որոնք միմյան ուղղությամբ քարեր էին նետել:

Տաջիկական կողմը սկսել էր որսորդական հրացանից կրակել Ղղրզստանի քաղաքացիների անցնող ավտոմեքենաների ուղղությամբ:

Վիճաբանության արդյունքում տուժել է 150 մարդ երկու կողմից, զոհվել է 20 մարդ: Ապրիլի 29-ին երեկոյան կողմերը պայմանավորվել են հրադադարի եւ սահմանից ուժերը դուրս բերելու մասին: