800 000 մարդ գնաց ու ընտրեց այն մարդուն, ով իր ժողովրդին տարավ կործանման. Նրանցից մեկը ես եմ

Ես մատնել եմ իմ ժողովրդին, այդ մի Հուդան ես եմ

ա

Ես չեմ մատնել Տիրոջը, ես մատնել եմ իմ ժողովրդին: Ութ հարյուր հազար մարդ գնաց ու ընտրեց այն մարդուն, ով իր ժողովրդին տարավ կործանման: Նրանցից մեկը ես եմ: Երեք տարի հետո ամեն անգամ եկեղեցի մտնելիս ներում հայցելով՝ կարող եմ խոստովանել՝ այդ մի Հուդան ես եմ: Ես իմ մի հատիկ քվեն տվել եմ մեկին, ով չի սիրում իմ ժողովրդին, ում համար բեռ էր Արցախը, ու դժգույն էր Շուշին, ում համար զինվորները 50 հոգի ավել-պակասով են չափվում, ով արդարացում ունի իր ամեն ստորության ու ստի համար, բայց չունի զղջման ու ափսոսանքի նշույլ անգամ: 

Այդ մի Հուդան ես եմ, բայց չեմ կախվել, ես ապրում եմ Արյան ագարակում՝ ապաշխարելով, աղոթելով հուդայաբար մատնված սերնդի համար: Ինձ չեն տվել երեսուն արծաթ, ես կատարյալ ապուշ եմ, ես երազանքներ ունեի, ուզում էի, որ լավ ապրի ժողովուրդս, չգիտեի, որ լավը խաղաղն ու անվտանգն է՝ տասը հազար ողջ ու առողջ տղաներով, ժպտացող ու երջանիկ ծնողներով, անհոգ մանկություն վայելող երեխաներով շրջապատված: 

Այդ մի Հուդան ես եմ: Ամեն ասված ստի ու պատճառաբանված ստորության մի մասնիկն իմն է, ամեն զոհված զինվոր իմ հարազատն է, իմ աշակերտն է, իմ ընկերն է, իմ հարեւանն է: Ամեն անգամ իմ ժողովրդին ծաղրելիս ինձ են ծաղրում, ես չունեմ հպարտություն. ես անցնում եմ իմ բաժին քավարանով, Նարեկացու պես ինձ վերագրում մարդ արարածի բոլոր հնարավոր մեղքերը: 
Այդ մի Հուդան ես եմ, ապրում եմ ձեր մեջ, ձեր կողքին, մարդի՛կ, սովորական մարդկային կյանքով, բայց ներքուստ անցնում եմ իմ Գողգոթան՝ հոգուս վրա դրված անտանելի ծանր խաչը տանելով: 
Ես մատնել եմ իմ ժողովրդին, այդ մի Հուդան ես եմ: 

Արուսյակ Ներսիսյան

Հրապարակ