Նրանք կա՛մ չեն հասկացել, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են իմ խոսքը

Մանրամասներ

Նրանք կա՛մ չեն հասկացել, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են իմ խոսքը։ Այսօր Ազգային ժողովում, երբ պետք է առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեին արդեն քննարկված նախագծերը, վարման կարգով ասաց «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով իր խոսքի հետ կապված էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշ պատգամավորների առաջարկին:

«Իրենց անկախ հռչակած մի քանի պատգմավոր դիմում են ԱԺ խմբակցություններին, որ էթիկայի հանձնաժողով ստեղծվի և քննվի այն հարցը, որ ես իբր ասել եմ, թե պետք է ստորացնելով բերման ենթարկել սյունեցիներին: Նրանք կա՛մ չեն հասկացել, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են իմ խոսքը»,-ասաց նա:

Հրաչյա Հակոբյանը նշեց, որ ինքը շատ հստակ ասել է, որ պետք է ստորացնելով բերման ենթարկեն այն խուլիգաններին, որոնք հայհոյում են Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմնակիցներին, ՀՀ քաղաքացիներին և դա անում են խուլիգանավարի: «Խնդրում եմ մի խեղաթյուրեք իմ խոսքը, կամ եթե լավ չեք հասկանում, մի քիչ ուշադիր եղեք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում մեջբերել էր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը, ինչի հետ կապված դիմել են, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով: