Իրականում իշխանական թիմից այլ թեկնածու կառաջարկվի, Փաշինյանը կգնա, իսկ այս իշխանությունը՝ կմնա

Եթե տրամաբանենք ու փորձենք հասկանալ այս պահանջի իմաստը, ապա երկու տարբերակ է առաջ գալիս

1

Անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի այն պահանջը, թե իր հրաժարականից հետո ընդդիմադիր ուժերը չպետք է վարչապետի թեկնածու առաջադրեն, խորհրդարանում նա ունի ձայների մեծամասնությունը և էական չէ՝  որևէ մեկը նոր թեկնածու կառաջադրի՞, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի և այն պայմանավորվածության մասին, թե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չպետք է վարչապետի նոր թեկնածու առաջադրեն:

Ստեփան Դանիելյանը մեկնաբանեց, որ որևէ նշանակություն չեն ունենա խորհրդարանական ուժերից ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուները, քանի որ ի վերջո Փաշինյանի թիմակիցները գերազանցում են նրանցից երկուսին էլ:

«Հարց է առաջանում՝ իմաստը ո՞րն է այս պահանջն առաջ քաշելու: Եթե տրամաբանենք ու փորձենք հասկանալ այս պահանջի իմաստը, ապա երկու տարբերակ է առաջ գալիս, առաջին այն է, որ Փաշինյանը չի վստահում իր խմբակցությանը ու կարծում է, որ այլ թեկնածուի դեպքում իր թիմը ևս կմիանա ընդդիմադիրներին և ուրիշին կընտրի»,– ասաց նա:

Քաղաքագետը նշեց՝ երկրորդ տարբերակն այն է, որ սա հատուկ մտածված ծրագիր է, և եթե օրինակ անկախ պատգամավորներից մեկը նոր թեկնածու առաջարկի, Փաշինյանը կբարձրաձայնի, թե խորհրդարանը պայմանավորվածություն է խախտում, որի դեպքում կրկին իր թեկնածությունն առաջադրելու է:

«Այս երկու տարբերակներն են ինձ մոտ, որովհետև նրա հայտարարությունները, եթե փորձենք վերլուծել, միևնույն է անհեթեթություն է ստացվում: Իսկ այն թեզը, որով փորձում է նա առաջ շարժվել, թե ժողովուրդը պետք է ընտրի, պարզապես պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու դեմագոգիա է, որն այս պահին պետք է մի կողմ դնել: Եթե նա վստահ չէ իր թիմի վրա, որ այլ թեկնածուի առկայության դեպքում վերջինս չի ընտրվի, ապա ինչպե՞ս է վստահ, որ այդ դեպքում իրեն ընտրելու են. նրա խոսքերն եմ կրկնում: Բոլոր այս պահանջներում կա անտրամաբանություն, որի պատասխանատվությունը Փաշինյանը դնելու է նոր թեկնածու առաջադրողի վրա»,-ասաց նա և հավելեց, որ այս պարագայում շատ հավանական է նաև, որ իշխանական թիմից ևս մեկի թեկնածությունն առաջարկվի: «Ստացվում է, որ հավանական է Փաշինյանի գնալն ու այս իշխանության մնալը»,– հավելեց նա:

Ամեն դեպքում՝ քաղաքագետը նշեց, որ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրելու, սակայն չի բացառվում, որ իշխանական թիմը կգնա ընտրակեղծիքների: Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ ցանկացած պարագայում, խորհրդարանի ցանկացած կազմի դեպքում մեզ համար մեկ նպատակը պետք է լինի ստեղծված ճգնաժամից դուրս գալը, սակայն, եթե Փաշինյանը կրկին գա վարչապետի պաշտոնին, որևէ ճգնաժամ չի թուլանալու, ընդհակառակը՝ վիճակն ավելի սրվելու է: