Բայդենի գնահատականը և՛ քաղաքական, և՛ իրավական է ու կարող է Հայաստանի ձեռքին լծակ ծառայել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար

Միացյալ Նահանգների նախագահի կողմից ճանաչումը արդեն լուրջ խոչընդոտներ է վերացնում այլ պետությունների համար ցեղասպանության ճանաչման համար

ա

Սա շատ լուրջ և հետևողական աշխատանքի արդյունք էր։ Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ արվող ելույթում «Ցեղասպանության» եզրույթի օգտագործմանը։

«Վերջին ամիսների ընթացքում հայ համայնքը միլիոնավոր ստորագրություններ էր հավաքել՝ դիմելով  ԱՄՆ նախագահին, նաև սենատորներին և կոնգրեսականներին։ Հայ համայնքի պահանջով մոտավորապես 40 սենատորներ և հարյուրավոր կոնգրեսական ստորագրել էին նամակ և ուղել էին ԱՄՆ նախագահին, որ նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Սա իրականում ակտիվ և հետևողական ծանր աշխատանքի արդյունք էր, որ մեր համայնքը վերջին ամիսների ընթացքում տանում էր, և հասանք նրան, որ վերջապես՝ 106 տարի անց ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ ըստ էության ֆիքսելով մի կարևոր պատմական և քաղաքական փաստ, որ Միացյալ Նահանգները այլևս ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ սա նշանակում է, որ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել, և դա իրենց արտաքին քաղաքականության մեջ կիրառելու են որպես փաստ։

«Այսինքն՝ Միացյալ Նահանգների նախագահի գնահատականը և՛ քաղաքական, և՛ իրավական է,- ասաց նա՝ նշելով, որ դա շատ լավ նախադեպ է մեզ համար, որ կարողանանք կապիտալիզացնել ճանաչումը,- Միացյալ Նահանգների նախագահի կողմից ճանաչումը արդեն լուրջ խոչընդոտներ է վերացնում այլ պետությունների համար ցեղասպանության ճանաչման համար։ Բացի այդ՝ սա կարող է նախադեպ լինել և սրանից հետո կարող են սկսվել գործընթացներ, որոնք կարող են բերել հետաքրքիր զարգացումների»։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է Հայաստանի ձեռքին լծակ ծառայել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։

«Այս իշխանությունները, կարծում եմ, նման կարողություն չունեն։ Հաջորդ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ կապիտալիզացնեն այն, ինչ որը տեղի է ունեցել այսօր հայ համայնքի ակտիվ, հետևողական ծանր աշխատանքի արդյունքում»,- ասաց նա։