Դատարանը մերժեց Մխիթար Զաքարյանի կալանավորման միջնորդությունը

Մանրամասներ

ա

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան նստավայր)՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց Մեղրի խոշորացված համայնքի համայնքապետ Մխիթար Զաքարյանի կալանավորման միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանին երեկ է մեղադրանք առաջադրվել ապրիլի 21-ին Մեղրիում և Ագաակում տեղի ունեցած դեպքերի գործով, որը Քննչական կոմիտեն որակում է որպես խուլիգանություն:

ՔԿ-ի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ Սյունիքում ապրիլի 21-ին կատարված դեպքերի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի, որոնցից 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Զաքարյանին ձերբակալել էին ապրիլի 22-ին Քննչական կամիտեում՝ այն բանից հետո, երբ ոստիկանները ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը նախ վերջինիս հրավիրել էին Ոստիկանության Մեղրիի, ապա Կապանի բաժին, հետո հայտնել, որ պետք է տեղափոխեն Երևան, ու ժամեր անց միայն ձերբակալել էին: Երեկ Ընդհանուր իրավասության դատարանը Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչել էր ոչ իրավաչափ: