«Ադեկվադ» միաբանությունն առաջարկում է քրեականացնել հայկականության դեմ տարվող ցանկացած քարոզ. ճանապարհային քարտեզ

Մանրամասներ

ա

Շուրջ հազար տարի առաջ, երբ մեր տարածաշրջան սկսեցին ներթափանցել թուրքական հորդաները, կար կրկնվող օրինաչափություն. այդ հորդաները միշտ անգամներով ավելի քիչ էին, քան տեղաբնակ ժողովուրդները, այդ թվում՝ հայերը։ Սակայն դա չխանգարեց, որ բավականին կարճ ժամանակում նրանք գրավեն տարածաշրջանը, իսկ մի քանի դար հետո թուրքերն արդեն անգամներով ավելի շատ էին, քան բնիկ ժողովուրդները։

 

Կա տարածված թերի պատկերացում, որ դա պայմանավորված էր անդադար ջարդերով ու կոտորածներով։ Ջարդեր ու կոտորածներ, իհարկե, եղել են ու շատ են եղել, բայց ավելի շատ նման արդյունքին նպաստել է զավթիչների նկատմամբ հանդուրժողականությունը, որը գնալով ավելի ու ավելի այլասերված բնույթ է ստացել։

Լևոն Մելիք-Շահնազարյանն իր «О войне и победе» գրքում փայլուն բնութագրել է քոչվոր ու նստակյաց քաղաքակրթությունների բախումը տարածաշրջանում՝ հստակ բացատրելով, թե ինչու հայերն ու այլ բնիկները պատրաստ չէին այդ բախմանն ու չէին կարողանում ադապտացվել դրան։ Մեծ հաշվով, քոչվոր թուրքի ռազմավարությունը պարզ է և հանճարեղ է իր պարզության մեջ. սկզբում դու հյուծում ես բնիկներին այնքան, որ կարողնաս ուժային բեկում մտցնել, հետո դու այդ բեկումը մտցնում ես և սկսում մի կողմից՝ ջարդել ու կոտորել ազգային իմունիտետ կրող օղակներին ու շերտերին, իսկ մյուս կողմից էլ՝ ոչ պակաս ջանասիրությամբ ասիմիլացնում և հպատակեցնում ես այն շերտերին, որոնցում այդ իմունիտետը թույլ է կամ բացակայում է։ Երկարաժամկետ հեռանկարում դա բերեց նրան, որ ազգային դիմադրողականությունը գրեթե զրոյացվեց, իսկ ապազգային կոնֆորմիզմը դարձավ գերակա ուղղություն։

Բնականաբար, անգամ 1000 տարվա թուրքական լուծը հերիք չէր, որպեսզի կոտրեին ազգային իմունիտետն Օսմանյան կայսրության ողջ տարածքում, առավել ևս, որ Հայքի ողջ տարածքը չէր, որ օսմանների հպատակության տակ էր։ Հայկականությունը պահպանելու հարցում բախտորոշ նշանակություն ունեցավ Արցախը, որը մելիքությունների շրջանում շարունակում էր պահպանել հայկական պետականության և հայկականության մատրիցան՝ հանդիսանալով հայի տեսակի պահպանման լաբորատորիա։ Մյուս կողմից՝ ոչ պակաս ուշագրավ է Արևմտյան Հայաստանի սպեցիֆիկան։ Այսօր ում հարցնես՝ հիշում է, որ իր պապերը Մուշից էին, Սասունից, Վանից, Էրզրումից, Խոյից, Կարսից ու Զեյթունից։ Միևնույն ժամանակ շատ քչերին կգտնեք, ովքեր կասեն, որ իրենց պապերը Կոստանդնուպոլսից, Իզմիրից ու այլ խոշոր օսմանյան քաղաքներից էին, այնինչ միայն Պոլսում գուցե ավելի շատ հայ էր ապրում, քան վերը թվարկված բոլոր քաղաքներում միասին վերցված։ Սա պայմանավորված է ոչ թե ջարդերով, այլ հենց հանդուրժողականությամբ, որը վերաճել էր այլասերված կոնֆորմիզմի։

Ջարդեր ու կոտորածներ, ինչպես նշեցինք, լինում էին պարբերաբար, բայց արի ու տես, որ մինչև Համիդյան ջարդերն ու Հայոց Ցեղասպանությունը դրանք լինում էին հիմնականում ոչ թե Պոլսում, այլ Սասունում, Զեյթունում, Վանում, Ադանայում և այլուր։ Այդքանով հանդերձ, այս շրջանների բնակչության շառավիղներն ավելի մեծ տոկոսով պահպանեցին իրենց հայկականությունը, քան Պոլսի բարեկեցիկ ու համեմատաբար կայուն կյանքով ապրող հայությունը:

Տեղին է նաև հիշել Բաքվի հայերին, որոնց մի մասն անգամ Սումգայիթյան ջարդերից հետո չէր հավատում, որ իրենց հարևան թուրքերը կարող են իրենց կոտորել, իսկ որոշ շերտերի մոտ էլ բավականին լայն տարածում ուներ Արցախի հայությանը կոնֆլիկտի հրահրման և իրենց համար խնդիրներ ստեղծելու մեջ մեղադրելը։

Պարադոքսալ է, բայց փաստ. ջարդում էին այն հայերին, ովքեր պահում էին իրենց հայկականությունը, բայց հենց այդ հայերն էլ շարունակում էին էլ ավելի պայքարել իրենց հայկականության համար։ Տեղի էր ունենում սոցիալական դարվինիզմ, որտեղ գենը կարծրանում էր, ու որքան ավելի էին ճնշվում, այնքան խորն էր նա մտնում հայերի արյան ու հոգու մեջ։ Եվ հակառակը՝ այնտեղ, որտեղ կոնֆորմիզմն ու հանդուրժողականությունն էր գերակայում դարեր շարունակ, հիմնահատակ ջարդերի մեկ-երկու ալիքն էլ բավականացրեց, որպեսզի նրանք անէանան իրենց օրրանից, և նրանց չէր փրկում ոչ իրենց կապիտալը, ոչ բազմամարդությունը, ոչ սոցիալական ու քաղական հիերարխիայում զբաղեցրած դիրքը։ Բավական է հիշել, որ 1915 թվականի դրությամբ Օսմանյան կայսրության առևտրի 40, իսկ բանկային գործի շուրջ 80 տոկոսը գտնվում էր հայերի ձեռքում, բազմաթիվ հայեր կային օսմանյան իշխանության օղակներում և երիտթուրքերի կազմակերպությունում, բայց այդ ամենը սին էր, ու դրա ամենավառ առհավատչյան Գրիգոր Զոհրապի ճակատագիրն է։

Հարկ է նշել նաև, որ նույն 1915 թվականի դրությամբ Օսմանյան կայսրությունում հայ ու թուրք բնակչության թվի հարաբերակցությունն անգամ մոտ չէր Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության այսօրվա պատկերին։ Ավելին, նույն Արցախում ու Սյունիքում հայությունը առերեսվում էր բազմապատիկ ավելի մեծ հարաբերակցության հետ, բայց հայկական Սյունիքն ու Արցախը դեռ կան, իսկ Արևմտյան Հայաստանն այլևս հայկական չէ։ Ու սա պատմական պատահականություն չէ։ Ընդհակառակը, սա օրինաչափություն է, որի հիմքում ընկած է այն, որ Արևելյան Հայաստանում թուրք զավթիչների նկատմամաբ ավելի շուտ անհանդուրժողականությունն էր գերիշխում, իսկ Արևմտյանում՝ կոնֆորմիզմը։ Ջարդեր ու կոտորածներ Արևելյան Հայաստանում էլ էին լինում, բայց դրանց գրեթե միշտ հաջորդում էր սիմետրիկ պատասխան, և երբ թուրքը հայ էր սպանում, հայը հույսը չէր դնում արտաքին աշխարհի վրա, այլ ինքն էլ սկսում էր թուրք սպանել։

Այդպես էր 20-րդ դարի սկզբին, երբ կովկասյան թաթարները սկսեցին հայակական ջարդեր։ Այդպես էր Հայոց Ցեղասպանության տարիներին ու հատկապես՝ 1917-1921 թվականների միջակայքում, այդպես էր 1988-1994 թվականներին։ Ու ազգային իմունիտետի նման դրսևորումը լուծում էր ոչ միայն զուտ դեմոգրաֆական, ռազմական կամ էլ քաղաքական խնդիր, նման դրսևորումը տալիս էր իմպուլս հայկականությանն ու հայկականությունը պահպանողներին, ծնում էր նոր հերոսներ ու նոր իդեալներ, ստեղծում էր տաբուներ այդ տարածաշրջանում հանդուրժողականություն ու կոնֆոմիզմ քարոզողների համար։

Այսօր կարող ենք փաստել, որ այդ իպուլսը Արևելյան Հայաստանում ամենուրեք չէր ու միշտ չէր, որ հաջողությամբ պսակվեց։ Նախիջևանում այն թույլ էր և արդյունքում Նախիջևանը հայաթափվեց ու արժանացավ Արևմտյան Հայաստանի ճակատագրին։ Արցախում այն ավելի ուժեղ էր ու թեև ամբողջությամբ հաջողությամբ չպսակվեց, բայց Ադրբեջանական ԽՍՀ կազմ Արցախը մտնում էր գրեթե 97 տոկոս հայ բնակչությմաբ՝ բուն ԼՂԻՄ-ի տարածքում, իսկ ԼՂԻՄ-ի, Հյուսիսային Արցախի, 7 շրջանների տարածքներում և Սյունիքում տոկոսային հարաբերակցությունը կազմում էր 70-75 տոկոս։ Ամենաուժեղն այն Սյունիքում էր, ու պետք է ասել, որ այդ թվում ու հատկապես Անդրանիկ Օզանյանի ու Գարեգին Նժդեհի շատ գործուն ու խիստ արդյունավետ քայլերի արդյունքում է, որ Սյունիքը դեռ ՀՀ կազմում է։

Հաջողության բանաձևը պարզ է. Անդրանիկն ու Նժդեհը, նրանց զինակիցներն ու սերունդները գիտեին ու չէին մոռանում մի պարզ ճշմարտություն. թուրքը դեռ 1000 տարի առաջ որոշել է, որ մենք իր թշնամին ենք։ Թշնամին ենք, որովհետև ինքը եկել է տիրանալու այս հողին, ջրին ու օդին, և քանի դեռ կան մարդիկ, ովքեր հիշում են, որ թուրքը եկվոր է ու այդ հողը, ջուրն ու օդը իրենցն է, թուրքը իրենց համարելու է թշնամի։ Ով մոռանում է այդ մասին, պատժվում է թուրքի ու պատմության կողմից։ Սա հավերժական ճշմարտություն է, համենայն դեպս պատմությունը հակառակը դեռ չի ապացուցել և սա փոխել չեն կարողացել նույնիսկ աշխարհի հզորները։

Աշխարհի հզորների մասին խոսելիս տեղին է հիշել նորագույն պատմության երկու դրվագ՝ Կիլիկիայի ու Խորհրդային միության։ Առաջին աշխարհամարտից հետո Կիլիկիայում դեռ պահպանվել էր ստվար հայկական բնակչություն, և պատերազմի արդյունքներով Կիլիկիան հռչակվեց Ֆրանսիայի պրոտեկտորատ։ Տեղի հայկականության իմունիտետը, ըստ ամենայնի, թույլ էր, որովհետև մարդիկ հավատացին, որ հիմա իրենք քաղաքակիրթ եվրոպացիների հովանու ներքո են, և սարսափելին մնաց անցյալում։ Արդյունքները տխուր էին. շատ կարճ ժամանակ անց ֆրանսիացիները լքեցին Կիլիկիան՝ թողնելով տեղի հայերին Քեմալ Աթաթուրքի քմահաճույքին, և արդյունքում Կիլիկիան էլ չունի ոչ հայկականություն, ոչ էլ հայ բնակչություն։

Խորհրդային միությունում իրավիճակը քիչ այլ էր, զարգացումներն էլ՝ ավելի երկար ու բարդ։ Քանի դեռ Մոսկվան ուժեղ էր, հայերն ու կովկասյան թաթարները / թուրքերը, որոնց 1936 թվականին կնքեցին ադրբեջանցի, ուզած-չուզած իրենց զուսպ էին պահում, բայց երկուստեք կային շերտեր, որոնք ոչինչ չէին մոռանում և ատամներն էին կրճտացնում։ Խորհրդային Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որպեսզի վերջնականապես հայաթափի Նախիջևանը, ինչը հաջողությամբ արեց Հեյդար Ալիևի իշխանությամբ օրոք, և ավելացնի իր ներկայությունն Արցախում, իսկ հայերին սա դուր չէր գալիս (ի դեպ՝ վարվող այդ քաղաքականության մասին խոստովանել է Հեյդար Ալիևը 2002 թվականին իր կողմից տրված հարցազրույցի ժամանակ։ Արդեն 1960-ականներին եղավ հայ-թուրքական լարվածության կտրուկ սրացում Արցախում, որը հաջողվեց խեղդել։ Խորհրդային Միությունը դեռ բավական ուժեղ էր կենտրոնախույս տրամադրությունները սաստելու համար, բայց արդեն 1980-ականների երկրորդ կեսին պրոցեսները ոչ ոք այլևս չէր զսպում։

Արդյունքում սկսվեց Արցախյան շարժումը, եղավ Արցախյան առաջին պատերազմը։ Դրա միջանկյալ արդյունքն այն էր, որ Հայաստանում գերակա դիրքեր զբաղեցրին նրանք, ովքեր գիտեին, որ թուրքը մեզ թշնամի է համարում, և հասան նրան, որ ստեղծվեց Արցախի Հանրապետություն, որը բաղկացած էր ԼՂԻՄ-ի տարածքից ու դրա հարակից 7 շրջաններից, իսկ ամենաառարկայական ձեռբերումն այն էր, որ Արցախի Հանրապետության տարածքում 1994 թվականի մայիսի 12-ի դրությամբ այլևս չկար ադրբեջանական բնակչությունում, մինչդեռ 1988 թվականին այդ բնակչության թիվը 400-450 հազար էր կազմում ու գերազանցում էր հայ բնակչությունը մի քանի անգամ։

Հաջորդիվ պետք է արդեն ավելի քիչ պատմությունը քննարկել և ավելի շատ գաղափարախոսական ու քաղաքական պրիզմայից դիտարկել հարցը։ Արևմտյան Հայաստանի նվաճման փորձը՝ մի կողմից, իսկ Արցախի խորհրդայնացման փորձը՝ մյուս կողմից, հուշում են, որ բավական չէ զուտ նվաճել, կամ էլ քաղաքական որոշումների արդյունքում հասնել նրան, որ հայկական ինչ-որ հող անցնի թուրքական տիրապետության ներքո, եթե այդ հողում պահպանվում է հայկականությունն ու ազգային իմունիտետը։ Կանցնեն տարիներ ու տասնամյակներ և հայը կրկին գլուխ կբարձրացնի և կպահաջնի առաջնեկի իր իրավունքը՝ իր հայրենիքը, իր հայրենի հողը, ջուրն ու օդը, որը ժառանգել է իր պապերից և ուզում է թողնել իր թոռներին։ Զուտ ջարդերն ու կոտորածներն էլ հարցի լուծում չեն, որովհետև բոլորին կոտորել չի ստացվի, իսկ փրկվածները կտեղափոխվեն այլ տեղ ու կսպասեն այնքան, մինչև հնարավոր լինի վերադառնալ՝ իրենց մեջ ունենալով հայկականություն։

Թուրքը պետք է ստիպի հային մոռանալ ու հարմարվել, որպեսզի մարսի այն հողը, որը խլել է հայից։ Թուրքը պետք է սպանի հայկականությունն ու ազգային իմունիտետը հայի մեջ ու դրա փոխարեն ներդնի հանդուրժողականություն և կոնֆորմիզմ։ Ու թուրքը դա անում է, ընդ որում՝ բնավ նոր չի սկսել դա անել։ Թուրքը դա անում է արդեն մեկ հազարամյակ, իսկ մենք չենք հասկանում, որ թուրքի ամենահզոր զենքը ոչ թե սելջուկների հեծելազորն էր, ոչ թե ենիչերիների յաթաղանն էր, ոչ թե օսմանի սվինն էր, ոչ թե իբր ադրբեջանցու, բայց իրականում՝ թուրքի բայրաքթարն էր, այլ հայի մեջ ներդրված հանդուրժողականությունն այն մտքի հանդեպ, որ քոնը քոնը չէ, քո պապերը սխալ էին, քո հողն ու տունը խլած օտարի հետ ոչ թե պետք է պայքարել, այլ փորձել ընդհանուր լեզու գտնել։ Հենց սա է թուրքի ամենաուժեղ ու ամենասարսափելի զենքը, որը նա դարեր շարունակ հրամցրել է մեզ, իսկ մենք՝ մեր մեծամասնության մեջ, սիրահոժար ընդունել ենք այն։ Իհարկե, գրեթե միշտ դա մատուցվել է աշխարհի ամենաբարի ու ազնիվ նպատակների լույսի ներքո՝ եղբայրություն, հարևանություն, փոխշահավետ համագործակցություն, բայց դեպի դժոխք տանող ճանապարհը սալիկապատված է հենց բարի նպատակներով։

Ուզենք դա, թե չուզենք, հարմարվենք այդ իրողությանը, թե հակադրվենք դրան, բայց չի կարող լինել երկարաժամկետ համընկնող շահ հայի ու թուրքի միջև, որովհետև դրանք երկուստեք իրար բացառող են։ Թուրքն ուզում է տիրանալ այն ամենին, ինչ քոնն է ու տիրանալ ամբողջությամբ։ Հարցրեք այս մասին Արևմտյան Հայաստանի հայերին, Պոնտոսի հույներին, Անատոլիայի ոչ թուրքական բնակչությանը, և նրանք կասեն ձեզ այդ մասին։ Ավելի ճիշտ՝ կասեին, եթե պահպանված լինեին։ Ու չկա այնպիսի ձևաչափ, որում այս շահին կարելի է ինտեգրել հայկական շահը, որովհետև այն բացառում ու մերժում է հայկականության ցանկացած դրսևորում։

Ըստ այդմ, Հայաստանը պետք է գործի ու հակազդի իր համար ամենամեծ վտանգներին։ Ըստ սահմանման՝ ամենամեծ վտանգն առաջին հերթին հանդուրժողականությունն է, և դրա ցանկացած քարոզ ավելի մեծ հանրային վտանգ է պարունակում իր մեջ, քան ցանկացած տեսակի սպառազինություն, որն առկա է թուրքի զինանոցներում։ Զենքից կրած ցանկացած կորուստ կարելի է լրացնել. զոհված զինվորի տեղում կկանգնի ողջ մնացածը և նոր ծնվածը, վիրավորված զինվորին կփոխարինեն առողջն ու ապաքինվածը, իսկ սպանված հայկական ոգուն չի կարող փոխարինել ոչինչ՝ բացի մանկուրտից, իսկ մանկուրտն անհայրենիք է ու անիդեալ։

Այս մարտահրավերն ամենաբարդն է, բայց նաև ամենահեշտն է։ Ամենաբարդն է, որովհետև ամենամասշտաբայինն է ու ամենաերկարաժամկետը, բայց ամենահեշտն է, որովհետև այն միմիայն ներքին ռեսուրս է պահանջում։ Վերջիվերջո, բանակի սպառազինությունը վերականգնելու համար մենք, ուզենք, թե չուզենք, պետք է միջազգային իրավունքի տարբեր սուբյեկտների վրա հույս դնենք, իսկ հայկականությունն ու ազգային իմունիտետը պահպանել կարող ենք միայն ինքներս։

Եվ ուրեմն, Հայաստանում օր առաջ պետք է օրենսդրական կարգավորումներով սանձենք մեծագույն հանրային վտանգը՝ հանդուրժողականությունն ու կոնֆորմիզմը։ Այս փուլում պետք է ընդունել օրենք, որով քրեորեն պատժելի կհամարվի ցանկացած տեսակի քարոզ ու գործողություն, որն ուղղված է՝

  • 1915-1923 թվականներին Օսմանյան Կայսրության և Թուրքիայի Հանրապետության կողմից հայերի դեմ իրագործված ցեղասպանության փաստը հրապարակայնորեն հերքելուն կամ արդարացնելուն,
  • Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ժխտելունը, դրա դեմ այլ կերպ արտահայտվելուն կամ այդ իրավունքից հրաժարվել քարոզելուն,
  • Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացվող ագրեսիայի ակտը ժխտելուն կամ արդարացնելուն,
  • Հայաստանի Հանրապետության, դրա տարածքների, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կամ 1994 թվականի մայիսի 12-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության իրավազորության ներքո գտնված տարածքների, ինչպես նաև 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների հայկականությունը հրապարակայնորեն հերքելուն,
  • հայ ժողովրդի մշակութային կամ հոգևոր ժառանգություն համարվող պատմական արժեքների հայկականությունը ժխտելուն:

Մանրամասները՝ այստեղ