ԱՄՆ դեսպանի ապրիլի 18-ից 22-ը Սյունիքի մարզ կատարած այցի մանրամասները

Դեսպան Թրեյսին այցելել է Սիսիան, Մեղրի, Կապան եւ Գորիս համայնքներ, հանդիպումներ անցկացրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի եւ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ

Այս շաբաթ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում էր`  տեղի պաշտոնյաներից եւ ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի եւ պատերազմի կրկնակի հարվածների հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը հանդիպել է նաեւ ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին եւ քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգմանն ու զարգացմանը:

ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ապրիլի 18-ից 22-ը տեւած այցի ընթացքում դեսպան Թրեյսին այցելել է Սիսիան, Մեղրի, Կապան եւ Գորիս համայնքներ, հանդիպումներ անցկացրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի եւ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ: Հայ պաշտոնյաների հետ դեսպանը քննարկել էր պատերազմի հետեւանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը եւ ներկայացրել այն աշխատանքները, որոնց միջոցով ԱՄՆ-ը շարունակում է աջակցել մարզի զարգացմանը:

Սիսիանում դեսպան Թրեյսին այցելել է «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամ եւ հանդիպել «Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհներ» ծրագրի շահառուներին (Հացավան համայնքից)։ Ծրագրի շնորհիվ հացավանցիները ձեռք են բերել դրամահավաք անցկացնելու հմտություններ, որոնց օգնությամբ հավաքագրել են միջոցներ եւ համայնքի մանուկների համար կառուցել խաղահրապարակ։

Մեղրիում Լին Թրեյսին Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Ֆերմաների սպասարկման կենտրոնում զրուցել է դեսպանության գործընկերների հետ: Կենտրոնն աջակցում է Մեղրիի ֆերմերների ավելի քան կեսին՝ նրանց համար հասանելի դարձնելով որակյալ գյուղատնտեսական պարագաներ ու ծառայություններ:

Դեսպան Թրեյսիի հաջորդ կանգառը Հովսեփյանների չրի արտադրամասն էր, որտեղ նա շփվել է ԱՄՆ ՄԶԳ-ի գործընկեր Հայկուշ Հովսեփյանի եւ նրա ընտանիքի հետ։ Միջազգային զարգացման գործակալության օգնությամբ Հովսեփյանները զարգացնում են ընտանեկան այգին եւ արտադրամասը՝ նպաստելով համայնքի եկամտի աճին։ Մեղրի կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է նաեւ սահմանային անցակետի ղեկավարի հետ եւ այցելել Սուրբ Հովհաննես եկեղեցի, որի պատմական որմնանկարները վերականգնվել են ԱՄՆ Դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» 500,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհի միջոցով:

Կապանում դեսպանն առանձնահատուկ ուրախությամբ տեսակցել է Սյունքի մարզում բնակվող ԱՄՆ կրթական ծրագրերի շրջանավարտներին։ Դեսպանն ու երիտասարդները քննարկել են վերջիններիս այցն ԱՄՆ եւ տրամադրություններն այս դժվարին տարվա ընթացքում։

Այցի ավարտին դեսպան Թրեյսին մեկնել է Գորիս եւ հանդիպել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին, համայնքի սոցիալական աշխատողներին եւ ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին, որոնք աջակցում են այդ ընտանիքներին եւ պատերազմի հետեւանքով տուժած այլ անձանց: Դեսպանը վերահաստատել է հայ ժողովրդին  շարունակական օգնություն տրամադրելու ԱՄՆ կառավարության հանձնառությունը: