Ինձ համար մեծ պատիվ էր կանգնել այնտեղ ու հպարտությամբ ասել, որ Հայաստանից եմ

Գիտեի՝ ուր եմ գնում, ինչի համար և ինչպես պետք է դա անեի
Live24.am-ը ներկայացնում է

Վերջին օրերին քննարկվում է երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի ելույթը ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծում, որտեղ նա արժանացել է 100 հոգանոց ժյուրիի կազմից 99-ի ձայներին: Tert.am Life-ի հետ զրույցում Սյուզաննան պատմել է նախագծին մասնակցելու որոշման, իր համար ընտրված երգի, ելույթի սկզբում հուզվելու և մրցույթի եզրափակչին պատրաստվելու մասին:

Սյուզաննայի խոսքով՝ մրցույթին հետևել է սկսած առաջին եթերաշրջանից: «Ուղղակի այդ շրջանում շատ ծանրաբեռնված գրաֆիկով աշխատում էի, զբաղվածությունս մեծ էր, չկարողացա մասնակցել: Չնայած զբաղվածությանս՝ միշտ փնտրտուքների մեջ եմ, որովհետև իմ մասնագիտության մեջ անընդհատ սովորելու և մեծ բեմում լինելու կարիք ունենք: Նախորդ տարի ևս չկարողացա մասնակցել մրցույթին, որովհետև կարանտին էր, այդպես ավարտվեց նաև մրցույթի երկրորդ եթերաշրջանը։ Այս անգամ որոշեցի՝ պահը հասունացել է, պետք է մասնակցեմ: Ինձ դուր էր գալիս նախագծի ձևաչափը, նոր հարթակը: Հայտագրվեցի, օնլայն տարբերակով ընտրվեց երգս՝ Roxette խմբի It must have been love-ը»,- պատմեց նա:

Ըստ երգչուհու՝ այդ ստեղծագործությունը նախկինում երգել էր, գիտակցում էր, որ այն բարդ է, բայց չի պատկերացրել, որ իր համար ճակատագրական կլինի: «Անկեղծ ասած, ես սովոր եմ ավելի լայն դիապազոն ունեցող ստեղծագործությունների, եթե խոսքը մրցույթի, ոչ թե համերգի մասին է: Քանի որ մրցույթի ձևաչափից արդեն լավ տեղեկացված էի, մի փոքր կասկած ունեի երգի հետ կապված, որի մասին ասացի նախագծի երաժշտական պրոդյուսերին: Նա ինձ մասնագիտական լեզվով այնպես բացատրեց երգի ճիշտ ընտրությունը, որ կասկածներս անցան: Օրեցօր նվիրվում էի երգին, օրեցօր այն իմն էր դառնում: Ուրախ եմ, որ արձագանքները լավը եղան, նույնիսկ Roxette խումբը տեսանյութս տեղադրել է իր էջում, ինչի մասին ընկերներիցս եմ իմացել: Ելույթից հետո բջջայինս պայթում էր, մեծ թվով զանգեր, հաղորդագրություններ էի ստանում և չէի հասցնում հետևել, չեմ տեսել, որ կիսվել են իմ կատարմամբ»,- ասաց նա:

Երգչուհին ընդգծեց, որ 100 հոգանոց ժյուրիի կազմի դիմաց ելույթ ունենալու բարդությունները նկատել է դեռ այն ժամանակ, երբ նախագծին հետևում էր որպես հեռուստադիտող: «14 տարի է` պրոֆեսիոնալ բեմում եմ, բայց կյանքում առաջին անգամ բեմում ոտքերս չէի զգում: Ցավոք, էկրաններից հանդիսատեսը չի տեսնում այն ապրումները, որ ունեցել եմ, որքան էլ փորձեմ նկարագրել, ոչ ոք չի կարող պատկերացնել: Այդ հուզմունքը եղավ ելույթի սկսվելուց առաջ, այն մի քանի վայրկյաններին, երբ չկա երգ, ձայն ու դու սպասում ես, թե երբ պետք է միացնեն երաժշտությունը: Այդքան տարի բեմում լինելը զուր չէ, լարվածությունը լարվածություն, բայց երգը սկսվելուն պես կարողացա կտրվել աշխարհից ու հնարավորինս ճիշտ ներկայանալ,- ասաց նա` հավելելով, որ սպասում էր, որ այդքան մարդու կողմից կընտրվի,- Գիտեի՝ ուր եմ գնում, ինչի համար և ինչպես պետք է դա անեի: Երկար ժամանակ ոչինչ չէի խնայել պատրաստվելու համար: Բայց այդ ակնկալելը չպետք է ծայրահեղական կերպով լինի և հասնի մեծամտության, պետք է լինի առողջ բանականության սահմաններում»:

Երգչուհին շեշտեց, որ ամենակարևորն իր համար ժյուրիի նախագահի՝ Սերգեյ Լազարևի կարծիքն էր:
«4 տարի առաջ մասնակցել էի «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթին, որտեղ ժյուրիի կազմում էր նաև Սերգեյ Լազարևը, բոլոր օրերին նա ինձ գնահատեց առավելագույն՝ 11 միավոր: Հետաքրքիր էր, թե ինչպես կգնահատի նա ինձ հիմա: Չնայած պանդեմիայով և մեր երկրում տիրող իրավիճակով պայմանավորված արվեստի ոլորտի ներկայացուցիչների լճացումից հետո բոլորի կարծիքն էլ կարևոր է: Այնտեղ ոչ ոք պատահական նստած չէ, բացի այն, որ մրցույթի շրջանակում տեխնիկապես յուրաքանչյուրի ձայն էլ կարևոր ու որոշիչ է քեզ համար, կարևոր է նաև նույնիսկ այն մարդու կարծիքը, ով քեզ չի ընտրում: Մրցույթում կանոն կա. եթե ձայն չես տալիս, բացատրում ես, թե ինչու: Ես ընդունեցի ինձ չընտրած երգչուհու կարծիքը, որովհետև չենք կարող բոլորս բոլորիս դուր գալ, մրցույթի հետաքրքրությունը դրանում է: Կյանքում էլ չես կարող բոլորին դուր գալ, բայց 2-3 րոպեում պետք է փորձես 100 հոգու դուր գալ»,- նշեց նա:

Հիմա երգչուհին պատրաստվում է մրցույթի եզրափակչին, վստահեցեց, որ խոստումնալից է լինելու: «Ինձ համար մեծ պատիվ էր կանգնել այնտեղ ու հպարտությամբ ասել, որ Հայաստանից եմ: Շատ են գրում, շնորհակալություն հայտնում, որ ներկայացրել եմ Հայաստանը: Սրանից մեծ գնահատական ունենալ չէի կարող, բայց ամեն ինչ առջևում է, պատրաստվում ենք եզրափակչին, որը շատ խոստումնալից է: Տեղի են ունենում խիտ գրաֆիկով աշխատանքներ, երգելու եմ շատ բարդ ստեղծագործություն: Երբ մասնագետները լսեն, կհասկանան, թե ինչի մասին է խոսքը»,- եզրափակեց նա: