ԿԱՐԵՎՈՐ․ VIDEO․ Արցախում նոր դիրքեր են հանձնվելու Ադրբեջանին․ էդգար Էլբակյան

Մանրամասներ

Երբ Նիկոլ Փաշինյանը մարզային հանդիպումների ժամանակ խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին ասում է, որ  այն ձեռնտու և Ադրբեջանին և Հայաստանին, սուտ է ասում, մի պարզ պատճառով, որ նախ նա չի ներկայացնում որևէ հիմնավորում, թե ինչու է այն ձեռնտու Հայաստանին, իսկ այն, ինչ հնչեցվում է հանրային մարզերի ժամանակ, որ մենք պղինձ ենք արտահանելու և այլն, դա ուղղակի ծիծաղելի է. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ էդգար Էլբակյանը:

«Ի՞նչ է անելու ինքն իր կապիտուլացված զինված ուժերով հանդերձ, եթե պղնձի վագոնը Ադրբեջանի տարածքում արգելափակվի: Ինքը մինչև հիմա գերիներին չի կարողանում վերադարձնել, շարունակում է հանձնել տարածքներ: Իմ տեղեկությամբ` գարնան գալուն պես, Արցախում որոշ լեռնային տեղամասերում  նոր դիրքեր են հանձնվելու Ադրբեջանին, GPS-յան սկզբունքով, ի՞նչ պղինձի ու վագոնների մասին է խոսքը»,- նշեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ տարածաշրջանային ապաբլոկադա ասվածը հետևանք է մեր կապիտուլյացիայի, տրամաբանություն ունեցող ցանկացած մարդ հասկանում է, որ դա այնքան էլ մեր շահերից չի բխում.

«Եթե դա մեր շահերից էր բխում ինչի՞մենք պատերազմից առաջ չէինք զբաղվում դրանով: Մեզ դա պարտադրել են, իրականում բառը ինքնին խաբուսիկ է, ոչ մի ապաշրջափակում տեղի չի ունենալու, տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության  վերջնական շրջափակում՝ թուրքական աշխարհի կողմից: Եթե այսօր մենք, ունենալով հանդերձ լոգիստիկ դժվարություններ, կարողանում ենք մեր ապրանքները արտահանել աշխարհ՝  Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի միջոցով, հետո չենք կարողանալու, այսինքն,  երբ ցանկանան, դա լծակ, մահակ է լինելու մեր վրա, և այդ բեռներն ուղղակի արգելափակվելու են: Նոյեմբերի 9-ից մինչև հիմա անցած ժամանակը բավական էր համոզվելու, որ նրանք ընդունակ չեն հետապնդելու Հայաստանի ազգային շահը, նրանք կապիտուլյացիոն վարչակարգ են, որ անգամ քաղաքական քաջություն չեն ունեցել հրաժարական տալու, ինչո՞ւ պետք է նրանց խոսքը դրսում ինչ -որ մեկը հաշվի առնի»:

Անդրադառնալով Սյունիքում առկա խնդիրներին՝ էլբակյանն ընդգծեց՝ իշխանությունն ասում է, որ այդ հանձնված տարածքները Սյունիքը չէ, սակայն դա այդպես չէ. «Ո՞վ որոշեց Սյունիքի սահմանը, Սյունիքից դեպի արևելք եղել է Քաշաթաղի սահմանը, որն օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Ընդամենը պետք էր բանավոր համաձայնության չգալ թշնամական երկրի ղեկավարի հետ, իսկ կապիտուլյանտը անձամբ է ընդունել, որ բանավոր փոխհամաձայնության հիման վրա Քաշաթաղի համապատասխան հողակտորները Որոտանի, Զանգելանի հատվածում հանձնել է թշնամուն, ի՞նչ միջոցառումների մասին ենք խոսում, երբ երկրի ղեկավարը հողերը հանձնում է թշնամուն»:

Խոսելով, արտահերթ ընտրությունների մասին՝ քաղաքագետը նշեց, որ ընտրություններից հետո էլ երկրի վիճակը չի կայունանալու. «Այս  ընտրությունները չեն լուծելու Հայաստանի առաջ ծառացած գոյաբանական խնդիրները, դրանք ընդամենը վերարտադրելու են այս ճգնաժամի լեգիտիմացումը և, դրանով հանդերձ, Արցախի հանձման լեգիտիմացումը»: