Մոսկվան ընդդիմությանը չի աջակցում. Մոսկվայի համար Հայաստանի քաղաքական կյանքի կենտրոնական դերակատարը դեռևս Փաշինյանն է. Տարասով

Կան անձնական հարաբերություններ Պուտինի և Քոչարյանի միջև, սակայն չկա զգացողություն, որ Ռոբերտ Քոչարյանը վայելի անձնական, արտոնյալ աջակցություն
Live24.am-ը ներկայացնում է

ա

Փաշինյանի դիրքորոշումը եւ նրա կողմից իրականացվող քաղաքականությունն ընդհանուր առմամբ համընկնում են Մոսկվայի շահերի հետ, քանի որ նա կոչ է անում իրագործել եռակողմ հայտարարության դրույթները եւ արգելաբացել հաղորդակցությունները: Այդ մասին ապրիլի 5-ին news.am-ի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրներով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նրա խոսքով՝ ցանկացած ուժ, բացի Փաշինյանից, այժմ արտաքին կողմից ընկալվում է՝ որպես ռեվանշի ուժ:

«Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումն անցկացվում է արտահերթ ընտրությունների նախօրեին, որոնք կայանալու են այս տարի հունիսին: Մինչ այդ եղել են հեռախոսազրույցներ. երկու երկրների ԱԳ նախարարները գտնվում են մշտական կապի մեջ: Դա ընտրությունների ժամանակ Փաշինյանին միանշանակ աջակցություն է: Մոսկվան դեռեւս համարում է նրան՝ որպես Հայաստանի քաղաքական կյանքի կենտրոնական դերակատար»,-նշել է նա:

Հայաստանում սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն կատարելու մեջ, փորձագետի գնահատմամբ, հետաքրքրված է ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Անկարան, ե՛ւ անգամ Հայաստանի արեւմտյան գործընկերները:

«Չի զգացվում, որ Մոսկվան աջակցի ընդդիմությանը: Ռուսաստանը չափազանց տակտիկական վարք է դրսեւորում՝ 100-տոկոսանոց հնարավորություն տալով, որ ընտրությունը կատարեն հենց հայերը: Այլ բան է, որ կան անձնական հարաբերություններ Պուտինի եւ Քոչարյանի միջեւ: Սակայն չկա զգացողություն, որ Ռոբերտ Քոչարյանը վայելի անձնական, արտոնյալ աջակցություն: Հայկական ընդդիմությունը պառակտված է, որոշ հարցումների արդյունքներ Փաշինյանին աջակցությունն են փաստում: Եթե, իհարկե, Փաշինյանը չհավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը (ինչը հազիվ թե պատահի), ապա երկրում քաղաքական կայունացում ամենայն հավանականությամբ տեղի չի ունենա»,-ընդգծել է Տարասովը:

Ինչ վերաբերում է արգելաբացմանը, ապա այն ենթադրում է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, սակայն, բնականաբար, դրա համար ժամանակ է պետք, քանի որ, եթե այժմ Երեւանում բացվի թուրքական դեսպանատուն, ապա դա կդիտարկվի՝ որպես պատերազմում պարտության արդյունք:

«Ռուսաստանը ղարաբաղյան հարցում հետեւողական է, դրանով զբաղվում է անձամբ Պուտինը: Փաշինյանի հետ նրա շփումները դիտարկվում են որպես երկխոսության բնական ընթացք»,-եզրակացրել է քաղաքագետը: