Նիկոլ Փաշինյանը մեզ ողջ է պետք․ նա պետք է անվտանգության երաշխիքներ ստանա. Շարմազանով․ VIDEO

Մանրամասները՝ տեսանյութում

Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է հերթական բլեֆի, նա հայտնվել է ցուգցվանգի մեջ և իր փոքր, կապիտուլյանտական խունտայի հույսին: Իրավիճակի լավագույն լուծումը Փաշինյանի հեռացումն է եւ ազգային իշխանության ձեւավորումը: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով հնարավոր արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության մասին՝ Շարմազանովը ասաց. «Երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո կնշանակվի արտահերթ ընտրությունների օր, ՀՀԿ-ն կքննարկի և կասի իր դիրքորոշումը: ՀՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական պայքարի առաջամարտիկներից է, եւ միակը, որը 2018 թ-ի մայիսի 8-ից առ այսօր ոչ մի օր չի լքել իր պայքարի խրամատը։

Հարցին, եթե խորհրդարանական ուժերը կոնսենսուսի գան եւ որոշեն գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչ կձեռնարկի Հայրենիքի փրկության շարժումը, Շարմազանովը ընդգծեց, որ պայքարը բազմաշերտ է և պետք է օգտվել օրինական պայքարի մեթոդներից՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար:

Tert.am-ի հարցին, թե արդյոք հասարակության պահանջը արտացոլվում է փողոցում, Շարմազանովը նշեց. «Այսօր բոլորը մերժում են նրան՝ եկեղեցին, բանակը մտավորականությունը, Մայր բուհը, քաղաքական ազգային ուժերը, նույնիսկ առաջին նախագահը: Ազգը ապատիայի մեջ է, գուցե դա է պատճառը, որ այդ պահանջը ինչպես հարկն է չի արտացոլվում փողոցում»:

Անդրադառնալով առաջին նախագահի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և անձեռնմխելիության երաշխիքներով ապաստան գտնի արտերկրում, Շարմազանովն ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է բազմաթիվ լուծումներից միայն մեկը: Այո, Նիկոլ Փաշինյանը պետք է  հրաժարական տա և անվտանգության երաշխիքներ ստանա, որպեսզի կանգնի Նյուրնբերգյան դատարանի առաջ: Նա մեզ ողջ է պետք: Ինչ վերաբերում է  ՀՀԿ-ին, ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ ՀՀԿ-ն մշտապես եղել է ազգային պետության կողքին և երբեք չի լքելու պայքարի խրամատը»: