Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա

Մանրամասներ

ա

168.am-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանն, անդրադառնալով Փաշինյան-Ծառուկյան սպասվող հանդիպմանը և դրանից հետո տեղի ունեցող հնարավոր քաղաքական զարգացումներին, նկատեց՝ ընդհանուր առմամբ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ Փաշինյանի հետ հանդիպելու է նրա հրաժարականի պահանջով, քանի որ ասում է, որ իր օրակարգը նույնն է, սակայն այդ հանդիպման օրակարգն առանց նախապայմանների է։

«Ինչպես բոլորս հասկացանք՝ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման օրակարգն առանց նախապայմանների է, որը որոշակիորեն տարբերվում է միասնական ընդդիմության ձևաչափից, թեպետ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ այդ հանդիպման մասին ինքը տեղեկացրել է իր գործընկերներին։ Եթե Նիկոլ Փաշինյանին առանց նախապայմանների են առաջարկելու հրաժարական տալ, այսինքն՝ նկատի ունեմ, որ նա հեռանալու է, ու ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն, և եթե հաշվի առնենք, որ այս օրակարգին համաձայն է նաև «Լուսավոր Հայաստանը», ապա այսօր Նիկոլ Փաշինյանը համաձայն է այդ օրակարգով հրաժարական տալ։

Ըստ էության Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, թեկուզ բանավոր երաշխիքներ ունենալով, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն վարչապետի թեկնածու չեն առաջադրի»,- նշեց Վիգեն Հակոբյանը։

Նրա բնորոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում գրեթե նույն ուղու վրա էր՝ նշելով, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանալու 30 տոկոս ձայնով իր թեկնածուին առաջ տանել։ Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանն իր տեսակետը հայտնեց, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում իրենք թեկնածու չեն առաջադրելու՝ ընդգծելով, որ անիմաստ է։

«Հիմա այս պարագայում Նիկոլ Փաշինյանը կարող է հրաժարական տալ, ընթացակարգն այսպես է, երկու անգամ նա հրաժարական է տալիս, թեկնածու չի առաջադրվում, որից հետո խորհրդարանը լուծարվում է։ Այս պարագայում ես կարող եմ մեկ բան փաստել, որ ամեն դեպքում ԲՀԿ-ի օրակարգն ըստ էության չի համընկնում միացյալ ընդդիմության նախապայմաններով օրակարգին։ Մեկ բան փաստենք, որ ընդհանուր առմամբ արտահերթ ընտրությունների շուրջ, գոնե քաղաքական հայտարարությունների մակարդակով, ամբողջ քաղաքական դաշտում կա կոնսենսուս, խնդիրը պայմանների մեջ է, միակ տարաձայնությունը պայմաններն են»,- հավելեց Վ. Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի և ԼՀԿ-ի հանդիպմանը, Վիգեն Հակոբյանը նշեց, որ նախագահն ի սկզբանե առաջարկում էր լայն ֆորմատով հանդիպում, սակայն տեսնելով, որ այդ ձևաչափը կյանքի չի կոչվում, նախաձեռնեց առանձին հանդիպումներ։

«ՀՀ նախագահը, որն իրեն համարում է  չեզոք մարմին, իրեն արբիտրի դեր է վերապահել, այդ հարթակում փորձում է բոլորի հետ խոսել։ Կարծում եմ՝ սա հերթական հանդիպումն է, որի իմաստն այն է, որ վարչապետը նախագահից  փորձում է պաշտոնապես ստանալ հավաստիացումներ, որ համաձայն է հրաժարական տալ, եթե խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի։

Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը վստահություն չունի իր խմբակցության բոլոր անդամների հանդեպ, հակառակ դեպքում՝ նա նման երաշխիքներ ԲՀԿ-ից ու ԼՀԿ-ից չէր ուզի։ Ըստ իս, եթե այս հանդիպման արդյունքում Փաշինյանին ու Արմեն Սարգսյանին հաջողվի ստանալ հավաստիացումներ, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն առաջադրի, ապա շատ հավանական է, որ այս հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։