Վտանգավոր սադրանք՝ ընդդեմ Մոսկվայի. ռուս փորձագետ

Իրավիճակ

ա

Վերջին շրջանում Դոնբասում իրավիճակի սրումը Ուկրաինայի կողմից ՌԴ-ի նկատմամբ ճնշում գործադրելու փորձ է. նպատակն այն է, որ Մոսկվան, որն անտարբեր չէ Դոնբասի հարցում, զիջումների գնա մինսկյան համաձայնագրերի հարցում:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է «Եվրոպա» տեղեկատվական և հասարակական համագործակցության կենտրոնի տնօրեն, ուկրաինագետ, փորձագետ Էդուրադ Պոպովը, փոխանցում է Թերթ.am-ը:

Վերջինիս տվյալներով` վերջին շրջանում Դոնբասի սահմանին նկատվում է  իրավիճակի սրում. երկու կողմն էլ պարբերաբար հայտարարում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին:

«Այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայի կողմից ՌԴ-ի նկատմամբ Դոնբասում նոր պատերազմի սպառնալիքի միջոցով ճնշում գործադրելու փորձ է, որպեսզի Մոսկվային ստիպի մինսկյան համաձայնագրերի հարցում լուրջ զիջումների գնալ»,-ասել է Պոպովը` ընդգծելով, որ հիմա ընթանում է ոչ թե պատերազմի նախապատրաստություն, այլ վտանգավոր սադրանք` հիմնված այն գիտակցման վրա, որ Մոսկվան Դոնբասը միայնակ չի թողնի:

Փորձագետի պնդմամբ` ուկրաինական կողմը միշտ ընդգծել է Դոնբասի սահմաններն իր օրենսդրության ներքո ներառելու անհրաժեշտությունը և միայն դրանից հետո քաղաքական համաձայնությունները կյանքի կոչելու հնարավորությունը: Բացի այդ, Ուկրաինան փորձում է այնպես անել, որ ՌԴ-ն դառնա հակամարտող կողմ, որպեսզի զիջումներ պահանջի ոչ միայն Դոնբասի, այլև Ղրիմի մասով:
 
Ստեղծված իրավիճակում, ըստ փորձագետի, պետք է «Նորմանդական քառյակի» հանդիպում անցկացնել` պատերազմը կանխելու նպատակով:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ուկրաինայի իշխանությունները 2014 թ. ապրիլին ռազմական գործողություն են սկսել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախության մասին հայտարարել են նույն տարվա փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: Հակամարտության զոհ է դարձել ավելի քան 13 000 մարդ: